Զորացրված սպաները վարչապետի հետ հանդիպում են պահանջում. Բնակարանի խնդիր ունեն

Զորացրված սպաները վարչապետի հետ հանդիպում են պահանջում. Բնակարանի խնդիր ունեն

PanARMENIAN.Net - Զորացրված սպաները հավաքվել են կառավարության շենքի առաջ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։

«Մենք բոլորս զինթոշակառուներ ենք։ Ցանկանում ենք վարչապետի հետ քննարկել մեր հետագա ապրելու ձևը, տեղը։ Մենք բոլորս բնակարանի խնդիր ունենք»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։

Սպաներից մեկը նշել է, որ նախորդ իշխանությանը դիմել են, խնդիրը ներկայացրել են, սակայն միշտ պատասխան են ստացել՝ բյուջեում փող չկա։

«Իրավիճակը եկել հասել է նրան, որ 4 000 զորացրված սպա, որից 1000-ը զինթոշակառու, մնացել է անօթևան, մի մասը վարձով է ապրում, ոմանք՝ դոմիկներում, մի քանիսը՝ հարևան-բարեկամի տներում, ով ոնց կարողացել է»,-ասել է ակցիայի մասնակից սպան։

Նախորդ շաբաթ նրանք հանդիպել են պաշտպանության փոխնախարարի հետ, իրենց խոսքով, ՊՆ-ում առաջարկել են տրամադրել հողատարածք։

«Առաջարկը մեզ համար ընդունելի չէ, չի հստակեցվում, թե դրանք որտեղ են տրամադրվելու։ Անորոշ է, հատկացնելո՞ւ են, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, վարչապետը գիտի մեր խնդրի մասին, պատրաստակամ է մեզ հետ հանդիպել։ Ակնկալում էինք, որ այսօր մեկը դուրս կգա, կխոսենք, բայց ինչպես տեսնում եք, դեռ որևէ մեկը դուրս չի եկել»,-ասացին սպաներն ու նշեցին, ԶԼՄ ներկայացուցիչներին շատ նուրբ հարցեր չեն պատմում, դրանք փակ քննարկման առարկա պետք է լինեն։

Ակցիային մասնակցում է նաև «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր. «Հիփոթեքային վարկի կանխավճարը երիտասարդ ընտանիքների համար գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---