Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծել է Կոթի գյուղը. Քաղաքացի է վիրավորվել

Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծել է Կոթի գյուղը. Քաղաքացի է վիրավորվել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին հայտնել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Ըստ նրա՝ գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե, մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 00:30: Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը, հայտնում է «Ա1+»-ը:

Մելիքյանը հայտնեց, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում: Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է:

«Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել է համայնքապետը:

Դեպքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակել է Տավուշում պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ Չինարի գյուղի վրա։ Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---