Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանը կկանգնեցնեն

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանը կկանգնեցնեն

PanARMENIAN.Net - Մոսկվայում որոշել են կանգնեցնել հայտնի ճարտարապետ, ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ Կարո Հալաբյանի հուշարձանը: Ճարտարապետները հավանություն են տվել այդ գաղափարին:

Այն նախատեսվում է կանգնեցնել Մալի Պեսչանի նրբանցքի թիվ 2 բնակելի տան մոտակայքում: Միևնույն ժամանակ Ավանգարդի կենտրոնի ղեկավար Ալեքսանդրա Սելիվանովան դեմ է հանդես եկել այդ մտադրությանը, գրում է ՌԻԱ-ն:

Ճարտարապետ Անդրեյ Ասադովը նշել է, որ ճարտարապետների հուշարձաններ նույնպես պետք է տեղադրվեն, քանի որ նրանք ոչ պակաս կարևոր անձինք են, քան կոմպոզիտորները, երաժիշտներն ու նկարիչները: «Դա խթան է քաղաքի բնակիչների համար՝ ավելին իմանալ այս կամ այն ճարտարապետի, նրա նվաճումների մասին»,-ասել է նա:

Ասադովը հավելել է, որ վատ չէր լինի նաև, որ Հալաբյանի անվան զբոսայգի կամ պուրակ հայտնվեր:

Կողմ է արտահայտվել նաև ճարտարապետ Վլադիմիր Պլոտկինը:

1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։

Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---