Հետաքննություն. Սկրիպալների մահափորձի մեջ կասկածվողը ՌԴ ԶՈւ ԳՇ Հետախուզության վարչության գնդապետ է

Հետաքննություն. Սկրիպալների մահափորձի մեջ կասկածվողը  ՌԴ ԶՈւ ԳՇ Հետախուզության վարչության գնդապետ է

PanARMENIAN.Net - The Insider-ը և Bellingcat-ը համատեղ հետաքննությամբ պարզել են, որ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ մահափորձի մեջ կասկածվողներից մեկը՝ Ռուսլան Բոշիրովը, իրականում ՌԴ ԶՈւ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության (ԳՀՎ) գնդապետ Անատոլի Չեպիգան է:

Չեպիգան ծնվել է 1979 թվականի ապրիլի 5-ին ռուս-չինական սահմանին տեղակայված Նիկոլաևկա գյուղում: Նա 18 տարեկանում ընդունվել է Հեռավոր Արևելքի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարան, որտեղ պատրաստում էին նաև ԳՀՎ սպաներ: Չեպիգան ուսումնարանն ավարտելուց հետո ծառայության է անցել հատուկ ծառայության ուժերի 14-րդ ստորաբաժանումում, մեծ դերակատարություն է ունեցել Ռուս-չեչենական պատերազմում, իսկ 2014-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նրան շնորհվել է «Ռուսաստանի հերոս» կոչումը:

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հրապարակել էր հետագայում ԶԼՄ-ներին որպես Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով ներկայացող՝ Սկրիպալների դեմ մահափորձի մեջ կասկածվող անձանց լուսնկարները, որոնք դեպքի օրը եղել են անգլիական Սոլսբերի քաղաքում:

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը, արձագանքելով բրիտանացի իրավապահների պնդումներին, ասել էր, որ «իրենք գտել են Սկրիպալների դեմ մահափորձի մեջ կասկածվողներին, և որ նրանք քաղաքացիական անձինք են, ոչ մի կրիմինալ բան այնտեղ չկա»:

Հաջորդ օրը կասկածյալները հարցազրույց են տվել ռուսաստանյան Russia Today հեռուստաալիքին, որտեղ վերջիններս չէին ընդունել իրենց ներկայացված մեղադրանքը: Նրանք պնդել էին, թե «զբաղվում են ձեռներեցությամբ ֆիթնեսի և առողջ ապրելակերպի ոլորտներում, հաճախ են ճանապարհորդում Եվրոպայում»: Կասկածյալների խոսքով, Մեծ Բրիտանիա էին գնացել որպես զբոսաշրջիկ, իսկ Սոլսբերիում այցելել են տեսարժան վայրերը։

Մարտի 4-ին 66-ամյա Սերգել Սկրիպալին ու նրա դստերը Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Մեծ Բրիտանիան նրանց թունավորման համար մեղադրում է Ռուսաստանին: Մեծ Բրիտանիան, Ա ՄՆ-ն և մի քանի այլ երկրներ դեպքի հետ կապված արտաքսեցին ռուսաստանցի դիվանագետների: Իր հերթին ՌԴ-ն արտաքսեց արևմտյան երկրների դիվանագետներին: Մահափորձի ժամանակ օգտագործվել էր «Նովիչոկ» կոչվող նյարդապարալիզացնող միջոցը, որը մշակվել և արտադրվել էր Խորհրդային Միությունում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---