Վրացական պետությունը ագրեսիվ եկեղեցական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ

PanARMENIAN.Net - Վրաց պետության եկեղեցական էքսպանսիան վաղեմի պատմություն ունի, եւ այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք նշված ուղղության մշտական ձեւափոխումները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Նրա կարծիքով, Սբ.Նորաշեն հայկական եկեղեցու զավթման փորձերը եւ Ջավախքի հայկական եկեղեցիները վրացիացնելու փորձերը բոլորովին էլ պատահական կամ պահի ազդեցության տակ կատարված հակահայկական ակցիաներ չեն: «Բանը նրանում է, որ կա ապացուցված հիպոթեզ, որ վրաց պետության տարածքային էքսպանսիան, վաղ միջնադարից ի վեր, կատարվել է ոչ միայն ուղղակի նվաճումների, այլ նաեւ եկեղեցական էքսպանսիայի միջոցով` ալբանական, վայնախական, մեգրելական, օսական, հայկական եւ աբխազական բնակչության հանդեպ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հայտնվել են Վրաստանի ազդեցության դաշտում: Կան ոչ վրաց ժողովրդների ամբողջական ուծացման օրինակներ Վրաց ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) օգնությամբ: Օրինակ ուդերն ու գելլերը Կախեթիայում, Տայքի, Կախեթիայի, Քարթլիի եւ Մեսխեթիայի հայերը: Ելնելով դրանից, կարելի է նշել, որ ՎՈԻԵ-ն միշտ համարվել է հարեւանների հանդեպ պետական ազդեցության տարածման գործիք` մշտական քարոզների եւ ուղղակի նյութական օգնության միջոցով այն համայնքներին, որոնք ընդունում էին ուղղափառության վրացական ուղղությունը: Ավելին, որպեսզի ոչ վրացական բնակչությունը հասկանա եկեղեցականների աղոթքները, կառուցվում էին դպրոցներ, որտեղ երիտասարդներին վրացերեն էին սովորեցնում: Ելնելով բազում արտոնություններից, վրաց եկեղեցու անհանդուրժողականությունից այլ ժողովրդների հանդեպ եւ պետության հատուկ քաղաքականությունից, ոչ վրաց ժողովրդները արագ ասիմիլացվում էին եւ վրացի դառնում»,-գտնում է Աբրահամյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ այսօր մենք դառնում ենք իր հարեւանների հանդեպ վրաց ուղղափառ եկեղեցու առավել արդիականացված եւ մշակված էքսպանսիայի վկաները: «Չնայած վիրահայերի բազում ճնշումների, Վրաց ուղղափառ եկեղեցին վերջերս հայտարարել է Լոռիում Լոռու-Տաշիրի թեմ հիմնելու մասին, բացատրելով դա նրանով, թե, իբր, դա բուն վրացական տարածք է, իսկ Լոռու հայերը` հայացած վրացիներ: Վրացական կողմը հավակնում է ավելի քան 7 եկեղեցիների եւ վանական համալիրների վրա Լոռվա տարածքում, որոնցից ոչ մեկը վրացական չէ: Վրացական կողմը, մասնավորապես, հայտարարել է իր նկրտումների մասին Սանահինի, Կոբայրի, Ախթալայի, Հաղպատի համալիրների, Խորակերտի եկեղեցու, Խուճապավանքի, ինչպես նաեւ Վանաձորի ռուս ուղղափառ եկեղեցու եւ Լոռվա այլ պատմաճարտարապետական եւ կրոնական հուշարձանների հանդեպ: Հաճախ, վրաց եկեղեցակնները իրենք են գնում այդ եկեղեցիները, վրաններ են խփում, խոչընդոտում են տեղի հայ բնակչությանը այցելել այդ սրբավայրեր: Նման վրացական էքսպանսիային դիմակայելու համար Հայաստանի ղեկավարությունն ու պասիվ Հայ առաքելական եկեղեցին պետք է մշակեն գործունեության ծրագիր այդ ուղղությամբ, պաշտպանելու համար դարավոր հայկական հուշարձանները արդեն ոչ թե Վրաստանի, այլ մեր տարածքում: Նշենք, որ Վրաստանի ակտիվ հոգեւոր-մշակութային էքսպանսիայի ֆոնի վրա, Հայաստանը թվում է չկայացած պետություն, որը նույնիսկ չի կարողանում իրեն պաշտպանել: Ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չի մնա»` այդ ասացվածքը հայ-վրացական հարաբերություններում այսօր հատկապես արդիական է»,-ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---