Սերժ Սարգսյան. Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսավորելու է բոլորիս

Սերժ Սարգսյան. Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսավորելու է բոլորիս

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։

Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, իր շիտակությամբ, իր լավատեսությամբ, իր բարությամբ հիացմունք էր առաջացնում ողջ աշխարհում»։

Նշվում է, որ Ազնավուրը մարմնավորել է հայ ազգի ճակատագիրը, նրա վերածնունդը, անկոտրում կամքը, աշխատասիրությունը, անպարտելիությունը։

«Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ Այդ պատմությունը, այդ հրաշքը շարունակվում է և շարունակվելու է։ Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսավորելու է մեզ բոլորիս։ Հավերժ փառք քեզ, սիրելի Վարպետ, սիրելի Շառլ, Մեծ Հայ»,-ասվում է ուղերձում, որը հրապարակվել է ՀՀԿ կայքում:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ մեծ արտիստ ևմեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ,Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---