ԱԳ նախարար. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևերից մեկում ԼՂ խնդրի մասին ձևակերպում կլինի

ԱԳ նախարար. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևերից մեկում ԼՂ խնդրի մասին ձևակերպում կլինի

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ավարտին կընդունվի 6 բանաձև, որոնցից մեկը վերաբերվում է քաղաքական հարցերին, որտեղ կլինի ձևակերպում նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո գագաթնաժողովի անցկացումը վկայում է հայկական պետության կարողությունների մասին, հայտնում է Panorama.am-ը։

«Անկախ ներքաղաքական զարգացումներից, անմիջապես դրսևորվեց քաղաքական կամք՝ լավագույնս ապահովելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը»,-ասել է ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորել է նաև Հայաստանի ու աֆրիկյան երկրների հետ համագործակցության զարգացման առումով, որը հնարավորություն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել Աֆրիկայի երկրներում, ուսումնասիրել հնարավորությունները, որով Հայաստանի տնտեսությունը կարող է մուտք գործել այդ շուկաները և նաև հրապուրել նրանց տնտեսությունը՝ ՀՀ շուկայի առումով։

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի բացմանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին «քանի որ իրոք նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունն ու նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու որոշումը»:

Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են:Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ: Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---