Ազնավուրի հիշատակի համերգին կմասնակցի նաև Վարդան Պետրոսյանը

Ազնավուրի հիշատակի համերգին կմասնակցի նաև Վարդան Պետրոսյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին: «Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագրում Ազնավուրի ամենասիրված երգերն են, այդ թվում՝ հայերեն թարգմանված: Կներկայացվի շանսոնյեի կյանքը, գործը, կենսագրության կարևորագույն դրվագները:

Համերգին կմասնակցի նաև Վարդան Պետրոսյանը, որը 5 տարի ելույթո չի ունեցել Երևանում: Այդ մասին հայտարարել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, հայտնում է Հանրային ռադիոյի կայքը:

Նա հավելել է, որ Վարդան Պետրոսյանն իր վերադարձը երևանյան բեմ պատրաստվում էր իրականացնել 2019-ին՝ ներկայացումներով, սակայն հատուկ հյուրի կարգավիճակով նա կմասնակցի Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին:

Հայկ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ շանսոնյեին նվիրված համերգ կազմակերպելու գաղափարը ծնվել էր դեռ 2017-ի ամռանը, երբ Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգը: Հունիսի 1-ին Երևանի օպերային թատրոնում կայացած համերգին ներկա էր ինքը՝ Շառլ Ազնավուրը:

«Այն ժամանակ մենք որոշեցինք, որ այս համերգները պետք է շարունակական բնույթ կրեն և ամեն տարի մեր հարգանքի տուրքը պիտի մատուցենք Մեծ Վարպետին: Այս տարի կրկին դիմեցինք մշակույթի նախարարություն, որտեղ սիրով համաձայնեցին աջակցել նախաձեռնությանը, որը, ցավոք, վերածվեց Ազնավուրին նվիրված հիշատակի համերգի»:

Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---