ՖՄԿ գագաթնաժողովում Ազնավուրի հիշատակը հարգել են ծափահարություններով

ՖՄԿ գագաթնաժողովում Ազնավուրի հիշատակը հարգել են ծափահարություններով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթը սկսել է անսահման ցավն արտահայտելով լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Վարչապետն առաջարկել է նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, նրա հիշատակը տոնել ջերմ ծափահարություններով և ողջունել ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ հավերժական ներկայությունը։

Ելույթում մասնավորապես ասվում է. «Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, որը մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին։Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ ցույց տալու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև Ֆրանկոֆոնիայի տոնը նշանավորելու համար, որին ամբողջ կյանքում ծառայել է։ Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։

Մենք սգում ենք, որովհետև սիրում էինք։ Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։ Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում»,-ասել է Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ ինքն ու ողջ հայ ժողովուրդն ուրախ են Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը և բարի գալուստ է մաղթել հյուրերին։

«Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկա ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։ Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ»,-ասել է վարչապետը

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթնաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։«Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետություններին և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ։

«Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ հնարավորությունը ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։ «Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։ Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության,-ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---