Աշխարհի կենդանաբանական այգիների ղեկավարները հավաքվել են Երևանում

Աշխարհի կենդանաբանական այգիների ղեկավարները հավաքվել են Երևանում

PanARMENIAN.Net - Աշխարհի կենդանաբանական այգիների ղեկավարները հավաքվել են Երևանում: Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում քննարկվում է կենդանաբանական այգիների դերի կարևորությունը՝վայրի բնության պահպանման և կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում: Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների՝ ԵԱՌԱԶԱ-ի միջազգային համաժողովը կազմակերպել և իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC-ն)՝ ՀՀ Բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: Համաժողովի իրականացման հարցում հիմնադրամին շարունակում է սատարել ավելի քան տասնամյա գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հիմքում կարևոր տեղ են զբաղեցնում բնապահպանությունն ու սոցիալական պատասխանատվությունը:

«Մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիա այս կամ այն ոլորտի վերաբերյալ, ուսումնասիրել, սովորել, վերապատրաստվել ու դառնալ մասնագետ: Դա ցանկության և ընտրության հարց է: Կան, սակայն, այնպիսի հարցեր, որոնք պարտավորեցնում են լինել առավել պատասխանատու: Երկիր մոլորակի քաղաքակիրթ, սրտացավ բնակիչ լինելը ընտրության հարց չէ. այդպիսին պարտավոր ենք լինել բոլորս: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մենք ապրում ենք այստեղ և մեզանից հետո եկող սերնդին պետք է փոխանցենք ոչ թե բնապահպանական աղետի առջև կանգնած տարածք, այլ խնամված, պահպանված ու կանաչ երկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Յուրաքանչյուր տարի, ԵԱՌԱԶԱ-ն համախմբում է ԱՊՀ և եվրոպական երկրների պատվիրակների և կենդանաբանական այգիների տնօրենների: Հայաստանում երկրում համաժողովը հրավիրվել է առաջին անգամ՝ մեկ հարկի տակ միավորելով մոտ 80 կենդանաբանական այգի ներկայացնող 130 պատվիրակի:

Սովորաբար, մասնակիցները քննարկում են ոլորտի նվաճումները, միջպետական գործակցության և միջազգային նոր կապեր հաստատելու հեռանկարները: Հերթական խորհրդաժողովին ներկայացել են խոշոր կենտրոնների ներկայացուցիչները՝ Տոկիոյի (Ճապոնիա), Մագդեբուրգի (Գերմանիա) և Վարշավայի (Լեհաստան) կենդանաբանական այգիների պատվիրակները: Քննարկվելիք թեման կենդանաբանական այգիների կարևորությունն է՝ վայրի բնության պահպանման և կենդանիների վերաբնակեցման հարցում: Մասնավորապես, թե ինչպիսի՞ն պետք է լինեն կենդանաբանական այգիների զարգացման ռազմավարական ուղղությունները, վայրի բնության պահպանմանն ուղղված՝ համատեղ ծրագրերը և այլն: Համաժողովի կարևորագույն հարցերից են վայրի կենդանիների անօրինական առևտրի խնդիրը և Կարմիր գրքում հայտնված հազվագյուտ կենդանատեսակների պահպանման գործում փորձի և գիտելիքների փոխանակումը:

Համաժողովի շրջանակներում, նախատեսված է այցելություն Երևանի կենդանաբանական այգի՝ տեղում իրականացված աշխատանքներին ծանոթանալու և գործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---