ԱԱԾ. Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ

ԱԱԾ. Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ:

Պարզված նախնական տվյալների համաձայնԱրագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և սահմանված կարգի խախտմամբ, 2018-ի ապրիլ-նոյեմբեր ամիսների ընթացքում նշված մարզի տարբեր համայնքների տարածքներից քանդել, բեռնատարներով տեղափոխել, նախապես ընտրված վայրերում պահեստավորել և վաճառել են մոտ 600 բեռնատար սևահող, յուրաքանչյուրը՝ 65-110.000 դրամով՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Առերևույթ հանցագործություն կատարած անձինք, իրենց ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը չխոչընդոտելու համար պարբերաբար որպես կաշառք գումարներ և վառելիք են տվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի երկու ավագ տեսուչների: Վերջիններս, գործելով շահադիտական նպատակներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, թույլատրել են հողի ապօրինի տեղափոխումը և վաճառքը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

2018-ի նոյեմբերին ՀՀ ԱԱԾ oպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա Քննչական դեպարտամենտում հարուցված մեկ այլ քրեական գործով բացահայտվել է Վրաստանից ՀՀ անվադողերի խմբաքանակների՝ առանց մաքսային ձևակերպումների և մաքսազերծման ներկրման դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացիներ անվադողերի ներկրումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր խմբաքանակի համար ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի մաքսային տեսուչին, որպես կաշառք տվել են տարբեր չափերի գումարներ:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն դրսևորումներին առնչակից մյուս անձանց պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաև Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով՝ մոտ114 մլն դրամի հափշտակություններ կատարելու դեպքեր։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույցներում և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (մանկապարտեզներ, սպորտդպրոց) 2006-2018 թթ. ընթացքում տարբեր հաստիքներում ձևակերպել են ՀՀ քաղաքացիների, ովքեր աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անուններով դուրս գրված գումարները յուրացվել են:

Բացի այդ, Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, և փոխանցել է մոտ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել, այն փաստացի կազմակերպվել և իրականացվել է համայնքապետարանի աշխատակիցների ուժերով:

Հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են նաև Տավուշի անտառտնտեսության պաշտոնատար անձանց հովանավորչությամբ ապօրինի ծառահատումների դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իջևանի անտառտնտեսության պատասխանատու պաշտոնատար անձինք 2018-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման և անտառից վառելիքային փայտի դուրսբերման համար մի շարք անձանցից որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Հանցավոր համաձայնության արդյունքում անտառից անօրինական տեղափոխված փայտանյութի, շինափայտի և վառելափայտի իրական ծավալները և պետությանը պատճառված բնապահպանական վնասը ներկայումս հաշվարկվում է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---