ԱՄՆ-ն կոչ է անում Բաքվին կենտրոնանալ ղարաբաղյան խնդրի խաղաղ, այլ ոչ թե ռազմական լուծման վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ամենամեծ խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է: Այդ մասին Ներկայացուցիչների պալատում կայացած «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ» թեմայով լսումների ժամանակ իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդը: «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին շարունակում է այդ խնդրի դիվանագիտական լուծման ակտիվ որոնումները: Քանի որ մենք սատարում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով փոխզիջման եւ միջազգային նորմերի ու քաղաքական սկզբունքների պահմանման հիման վրա: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարեւոր քայլ կատարեցին, որից հետո հանդիպեցին համանախագահների հետ: Երկու կողմերը հաստատեցին մտադրությունները շարունակել աշխատանքը Մինսկի գործընթացի շրջանականերում եւ պատրաստակամություն հայտնեցին շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների բազայի վրա, որոնք կբերեն հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորման»,-ասել է ամերիկացի դիվանագետը:



Նա նաեւ նշել է, որ, քանի որ Ադրբեջանի շահույթը նավթի ու գազի վաճառքից անընդհատ աճում է, ապա երկրի առաջնորդները պետք է մտածեն այն մասին, թե ինչպես օգտագործեն այդ շահույթները ներկա եւ ապագա սերնդների շահերից ելնելով: «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի գայթակղվի օգտագործել նավթից եւ գազից ստացվող շահույթները ոչ ըստ նշանակության: Սակայն, մենք անընդմեջ ռազմատենչ կոչեր ենք լսում Ադրբեջանի որոշ պաշտոնյաներից: Մենք կոչ ենք անում Բաքվին կենտրոնանալ ղարաբաղյան խնդրի խաղաղ, այլ ոչ թե ռազմական լուծման վրա, ինչը շահավետ է տարածաշրջանային ինտեգրման համար եւ որի արդյունքում կովկասյան տարածաշրջանում կհաստատվի կայունություն եւ բարգավաճում»,-ասել է Ֆրիդը: Նա համոզվածություն է հայտնել, որ Ադրբեջանը հարմար պահ ունի տնտեսական եւ քաղաքական զարգացման համար, ողջ տարածաշրջանի հետ լավ հարաբերություններ հաստատելու եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---