Վաչագան Ղազարյանին կասկածում են փողերի լվացման մեջ

Վաչագան Ղազարյանին կասկածում են փողերի լվացման մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) հատկանիշներով:

Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013-ից մինչև 2018-ի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն դրամի հարկերի վճարումից խուսափելը:

Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների (գույքի) հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

Կատարվում է նախաքննություն:

2018-ի ամռանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ, կալանավորվել է դատարանի որոշմամբ։ Նա ավելի ուշ ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավով:Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, միասին հայտարարագրել են ընդամենը մոտ $160.000: Այնինչ նրանց մոտ հայտնաբերվել էր $10 մլն-ի գույք ու դրամական միջոցներ:Ղազարյանը երկրորդ անգամ կալանվորվել է նոյեմբերի 15-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---