Ռուս փրկարար. Չերնոբիլում էլ էր սարսափելի, բայց ավերածություններ ու բազում դիակներ այնտեղ չկային

Ռուս փրկարար. Չերնոբիլում էլ էր սարսափելի, բայց ավերածություններ ու բազում դիակներ այնտեղ չկային

PanARMENIAN.Net - 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ անջատվել է 10 ատոմային ռումբի պայթյունին համարժեք էներգիա, 30 վայրկյանում Սպիտակը հիմնահատակ ավերվեց, գրում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով աղետի գոտի մեկնած կամավորական փրկարարների հիշողություններն այն օրերի մասին:

ԽՍՀՄ-ում չկար արտակարգ իրավիճակների նախարարություն, բոլոր փրկարարական աշխատանքները կամավորներն էին կատարում:

Գնդապետ Իգոր Տոմչուկն իր զինվորական կոչումը ստացել էր Չերնոբիլի աղետի հետևանքների վերացման համար, սակայն այն, ինչ տեսավ Սպիտակում, ոչ պակաս է դաջվել նրա հիշողության մեջ: «Մենք պատրաստվում էինք զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ պատերազմի, իսկ նման բանի ոչ ոք պատրաստ չէր»,-հիշում է նա:

Տոմչուկի ջոկատը Հայաստան է հասել երկրաշարժից 4-5 օր անց: «Ի՞նչ տեսա: Կար բնակավայր՝ և չկա: Եվ 2 հարկի բարձրությամբ փլատակներ»,-հիշում է նա: Տոմչուկն ասում է, որ չի սիրում համեմատել, թե որտեղ էր ավելի սարսափելի՝ Չերնոբիլում, թե Հայաստանում, բայց ինչ-որ բանով Հայաստանն ավելի է տպավորել: «Չերնոբիլում էլ էր սարսափելի՝ մենք հասկանում էինք, որ շուրջ ճառագայթում է, բայց ավերածություններ ու բազում դիակներ այնտեղ չկային»,-ասել է նա:

Գենրիխ Ստուկովը, որը գլխավորում էր զբոսաշրջիկների անվտանգության ապահովմամբ զբաղվող կառույցը, 300 կամավորների խումբ կազմեց և մեկնեց Գյումրի (Լենինական):«Առաջին 3 օրում 148 մարդ փրկեցինք: Նման դեպքերում ժամանակը մեր դեմ է աշխատում՝ արդեն 4-5 օրից ողջ մարդկանց հազվադեպ էինք գտնում»,-հիշում է նա:

Փրկարարական աշխատանքներին մասնակցած Իլդարը, Ալեքսանդրն ու Յուրին այն ժամանակ ուսանողներ էին: «Տեսե՞լ եք կինոյում ռմբակոծված քաղաք: Սպիտակում նման մի բան էր»,-ասել է Իլդարը: Նրանք Սպիտակ էին հասել դեկտեմբերի 10-ին: Փրկարարները մի 19 հոգանոց ընտանիքի հոր էին հանդիպել՝ ողջ էին մնացել միայն ինքն ու ավագ որդին: Իսկ մեկ ուրիշ տեղում, մաքրելով փլատակները, հասկացել էին, որ այդ տանը հարսանիք էր՝ բոլորը զոհվել էին:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին: 30 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 30 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր:

Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Հիմնահատակ ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

Աղետը, պաշտոնական տվյալներով, 25,000 մարդու կյանք խլեց. մահացավ 17,000 գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530,000 մարդ դարձավ անօթևան:

Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75,000՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը։ 30 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները վերացված չեն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---