50 մլն դրամ՝ 649 ուսանողի ուսվարձի մասնակի փոխհատուցմանը![]() 13 դեկտեմբերի 2018 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում որոշվել է 50 մլն դրամ հատկացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև Ապրիլյան պատերազմին ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ դիմումներ և հարցումներ է ստանում վերոնշյալ անձանցից՝ ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում ստանալու խնդրանքով: Նախարարությունը քննարկել է հարցը և, հիմք ընդունելով նախորդ տարիների ցուցանիշները, նախատեսում է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողի և երկու և ավելի երեխա ունեցող 112 ուսանողի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրել: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերը կզեղչվեն 20%-ով, իսկ երկու և ավելի երեխա ունեցողներինը՝ 100%-ով: Վերջիններիս համար նախարարությունը նախատեսում է տրամադրել ևս 30 մլն դրամ: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայում Կենտրոնական բանկի հետ քննարկվում են ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման տարբերակները: «Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի: Բայց ընդհանուր առմամբ մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չառաջանա: Նրանք իսկապես պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ 13.7 մլն դրամ կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով: 2018-ի ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50%-ը վճարում է ուսանողը, 50%-ը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին: Իսկ 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50%-ը վճարում է ուսանողը, իսկ 50%-ը՝ պետբյուջեի միջոցների հաշվին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |