Դատախազություն. Գյումրիում սպանության մեջ կասկածվողը չէր կարող տեղափոխվել ռազմաբազայից՝ դա ՌԴ օրենքին դեմ է

Դատախազություն. Գյումրիում սպանության մեջ կասկածվողը չէր կարող տեղափոխվել ռազմաբազայից՝ դա ՌԴ օրենքին դեմ է

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչու է ռուսական ռազմակայանի զինծառայող Ա. Ռ-ն, որին կասկածում են Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու մեջ, պահվում ռազմաբազայի տարածքում:

Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Պարզաբանման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ ըստ սահմանված կարգի:

«ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը», -ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Ա. Ռ.-ն չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը:

«Մեղադրյալին կալանավորելու մասին ՀՀ դատարանի որոշումն ի կատար է ածվում ՌԴ 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում: ՀՀ ՔԿ քննիչի կողմից կատարվում են նաև մեղադրյալի մասնակցությամբ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները», - ասված է պարզաբանման մեջ:

Նշվում է նաև, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը վերապահված է ՀՀ իրավասու մարմինների իրավասությանը և գործով վարույթն իրականացվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, Համաձայնագրի 4-րդ հոդվածի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, սահմանում է. «Ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»:

Նախաքննությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք բացահայելու, մեղավորների արարքներին պատշաճ իրավական գնահատական տալու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով:

Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել չքաղաքականացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից դեկտեմբերի 3-ին Գյումրիում կնոջը դաժանորեն ծեծելով սպանելու դեպքը:

Գյումրիում ռուս զինծառայողի կողմից 57-ամյա գյումրեցի կնոջ սպանությանն անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարևոր տարբերություն կա Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ: «Պերմյակովի դեպքում անհրաժեշտ էր համոզված լինել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու գործի հետ կապված, այդ կոնտեքստում՝ նրա՝ Պերմյակովին, որտեղ պահելու հանգամանքը ստանում էր որոշակի նշանակություն և կարևորություն։ Այս պարագայում, այդպիսի իրավիճակ չկա: Խնդիրը ո՞րն է՝ որևէ գործ ամբողջությամբ քննվի ու բացահայտվի, թե զինվորն այս կամ այլ քրեակատարողականում է պահվում»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---