Փաստաբանների պալատ. Փաստաբանին և դատավորին վիրավորելու վարքը չի փոխվել, գործադիրը համարժեք չի արձագանքում

Փաստաբանների պալատ. Փաստաբանին և դատավորին վիրավորելու վարքը չի փոխվել, գործադիրը համարժեք չի արձագանքում

PanARMENIAN.Net - Փաստաբանների պալատի խորհուրդը, քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը, նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:

Արձանագրել է, որ հասարակության մի հատվածի կողմից փաստաբաններին և դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը չի փոխվել: Առ այսօր այդ վարքագիծը շարունակվում է, իսկ գործադիր իշխանությունը համարժեք միջամտություն չի ցուցաբերում:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իր անհանգստությունն է հայտնել նաև դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների կապակցությամբ:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից և գտել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը նույնպես կարող է նպաստել այս բացասական վարքագիծը կանխելուն:

Հարցի քննարկման արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը միաձայն որոշել է՝

1. Խստորեն դատապարտել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից:

2. Զորակցություն հայտնել դատավորներին՝ հորդորելով չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից:

3. Դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ կոչով և օգտագործել իր հեղինակությունը հասարակության մոտ իրավագիտակցության բարձրացման գործուն քայլեր կենսագործելու ուղղությամբ։

Ավելի վաղ հարցին անդրադարձել էր Մարդւո իրավունքների պաշտպանը. «Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև փաստաբանների մասնագիտական անկաշկանդ աշխատանքի տեսանկյունից: Այդ մասին են վկայում սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված ատելության խոսքը, վիրավորական մեկնաբանություններն ու սպառնալիքները: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---