Հայրապետյան. Սփյուռքի նախարարության լուծարման մասին փաստաթղթում փոփոխություններ կլինեն![]() 27 դեկտեմբերի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծին, ասել է, որ կիսում է նախարարության աշխատակիցների մտահոգությունները: Նա հավելել է, որ իր համար չափազանց կարևոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը, ուստի պետք է հասկանալ, թե որ ինստիտուտն է իրականացնելու նախարարության գործառույթները: «Դրա համար ես ինձ թույլ կտամ ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ՝ հիմնված թե մեր, թե մյուս նախարարությունների մտահոգությունների վրա», - ընդգծել է նա, հայտնում է Panorama.am-ը: Հայրապետյանը հայտնել է նաև, որ սփյուռքի նախարարության աշխատակիցները սահմանված ընթացակարգով մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկությունները նախարարության լուծարման վերաբերյալ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարությանը: Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի, բայց ի տարբերություն մնացած նախարարությունների՝ սփյուռքի նախարարությունը չի միավորվում որևէ նախարարության հետ, այլ լուծարվում է: «Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մտահոգություններ, քանի որ հստակ չի նշվում, թե այդ գործառույթները, որոնք իրականացնում է սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու, հետևաբար, մենք նախարարության լուծարման վերաբերյալ մտահոգությունները հայտնել ենք քաղաքական թիմին», - ասել է Մխիթար Հայրապետյանը: Մխիթար Հայրապետյանը չի բացառել, որ սփյուռքի նախարարությունը ևս միանա որևէ այլ նախարարության: Դեկտեմբերի 21-ին մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ: Նրանք հայտնեցին գործադուլ հայտարարելու մասին, այնուհետև, արդեն կառավարության շենքի մոտ պահանջում էին իրենց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |