Ռազմական հեղաշրջման փորձը Վենեսուելայում ճնշվել է

Ռազմական հեղաշրջման փորձը Վենեսուելայում ճնշվել է

PanARMENIAN.Net - Վենեսուելայի Ազգային գվարդիայի մի խումբ զինվորականներ փորձել են զինված խռովություն բարձրացնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Դա տեղի է ունեցել հունվարի 21-ին Կարակասից դեպի հյուսիս գտնվող Սան Խոսե դե Կոտիսա բնակավայրում: Խռովության փորձը ճնշվել է, «հարձակվողների խումբը չեզոքացվել, նրանք հանձնվել և կալանավորվել են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում է գրել Մադուրոյի կողմնակից և Սահմանադրական ժողովի նախագահ Դյոսդադո Կաբելյոն:

Ըստ պաշտոնական տեղեկությունների, գիշերը 27 գվարդիականներ գրոհել են Պետար քաղաքի ռազմական հենակետը և զավթել այնտեղ եղած զենքը: Հետո նրանք տեղափոխվել են Կարակաս, որից հետո տեսանյութ են հրապարակել YouTube-ում՝ Մադուրոյի դեմ ապստամբության կոչով, գրում է Deutsche Welle-ն:

Սան Խոսե դե Կոտիսայի բնակիչների դեմ, որոնք սատարել են խռովարարներին, իշխանություններն արցունքաբեր գազ են կիրառել:

Ինչպես գրել է Twitter-ում ընդդիմադիր Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն, միջադեպը վկայում է այն «ընդհանուր զգացողության մասին, որն իշխում է Վենեսուելայի բանակում»:

Հունվարի 10-ին Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ 2018-ի մայիսին հաղթեց ընտրություններում, որոնք ընդդիմությունը բոյկոտում էր: Մադուրոյի վերընտրվելը չեն ճանաչել ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը: Խուան Գուաիդոն հայտարարել է, որ իրավունք ունի ստանձնելու երկրի նախագահի լիազորությունները: Նա կոչ է արել ընդդիմության կողմնակիցներին հունվարի 23-ին բողոքի զանգվածային ակցիայի դուրս գալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---