Համաներվածներից 30-ն արդեն նոր հանցագործություն է կատարել

Համաներվածներից 30-ն արդեն նոր հանցագործություն է կատարել

PanARMENIAN.Net - Համաներման օրենքի ընդունումից հետո կատարված հանցագործությունների ցուցանիշների համաձայն վերջին տվյալներով ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն՝ այսօրվա դրությամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։

Նրանք կատարել են 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը բնակարանային, հայտնում է Panorama.am-ը։

Ոստիկանության գնդապետը հայտնել է նաև, որ 2018-ի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 11,2 տոկոսով կամ 2267 դեպքով։

2017 թվականին եղել է 20284, 2018-ին՝ 22551:

Արմեն Ղուկասյանը նշել է, որ գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը գրանցվել է այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պայմանավորված:

Ոստիկանության շտաբի պետը նշել է նաև, որ բարձրացել է քաղաքացիների կողմից ոստիկանության դիմելիությունը. «Եթե 2017-ին ոստիկանության ստորաբաժանումները ստացվել են առերևույթ հանցագործության մասին 32321 հաղորդում, ապա 2018-ին դրանց թիվն աճել է 9145-ով»։

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումն ընդհանուր առմամբ տարածվել է մոտ 6500 անձի վրա, ազատ է արձակվել 581 համաներված. կրճատվել է մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

2018-ի նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: Կազմվել և ոստիկանություն է ուղարկվել պատժի կրումից ազատված, ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---