ԱԺ հանձնաժողովը մերժել է անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագիծը

ԱԺ հանձնաժողովը մերժել է անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագիծը

PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:

Խորհրդարանական հանձնաժողովը մերժել է օրինագիծը. կողմ է քվեարկել 4 պատգամավոր, դեմ՝ 5-ը, հայտնում է Yerkir.am-ը։

Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էր։ Նա նշել է, որ, անկախ արհեստակցական մարմին ստեղծելով, աշխատակիցները կախվածություն չեն ունենա իրենց գործատուներից:

«Գործող օրենքով` արհմիությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ` այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուների թվից: Քանի որ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել ու մնում են գործատուի կողմից տրվող հատկացումները, արհմիությունները կաշկանդված են և կնքում են գործատուի ցանկացած որոշում: Ստեղծում ենք անկախ արհեստակցական կազմակերպություն, որ աշխատակիցները կարողանան անդամակցել և' իրենց աշխատավայրում գործող արհմիությանը, և', ցանկության դեպքում, նաև իրենց գործատուից որևէ կախվածություն չունեցող արհեստակցական միությանը»,- ասել է նա:

Պատգամավորը հիշեցրել է, որ օրինագիծը հանձնաժողովի «բավարար» եզրակացությունն էր ստացել դեռևս 6-րդ գումարման խորհրդարանում, սակայն պատգամավորների ներկա չլինելու պատճառով այդպես էլ խորհրդարանականների կողմից չի քննարկվել։

Օրինագիծը ստացել է Հայաստանի գործող կառավարության բացասական եզրակացությունը:

Նախագծի ընդունման պարագայում կստացվեր, որ ոչ միայն համապատասխան ճյուղի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները կկարողանան միավորվել և ստեղծել արհեստակցական կազմակերպություն, այլև տարբեր ճյուղերի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները: Տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողներն ունեն մասնագիտական և աշխատանքային տարբեր առանձնահատկություններ: Հետևաբար, տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների մոտ տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների միավորումը մեկ արհեստակցական կազմակերպությունում կարող է հանգեցնել այդ արհմիության անդամների շահերի բախման:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---