Ալի Բաբաջան. Թուրքիան գերադասում է խնդիրներ չունենալ հարեւանների հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ մասին Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը առաջիններից էին, որ շնորհավորեցին իրենց հայ գործընկերներին 2008թ. փետրվարին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո եւ հույս հայտնեցին, որ «նոր դուռ կբացվի հայկական նոր ղեկավարության հետ երկխոսության համար»:



Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, երկու երկրների միջեւ հարաբերությունները վերականգնելու ջանքերի վկայությունը դարձան գաղտնի բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների միջեւ հուլիսի 8-ին Շվեյցարիայում: «Թուրքիան գերադասում է խնդիրներ չունենալ հարեւանների հետ հարաբերություններում: Բնականաբար, մենք կոնկրետ քայլեր ենք ակնկալում Հայաստանից»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ալի Բաբաջանը նշել է, որ հավատում է, թե խնդիրները կլուծվեն երկխոսության միջոցով եւ կարեւորել է 1915թ. իրադարձությունները հետազոտող պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը:



Թուրքիան փակեց հայ-թուրքական սահմանը 1993թ. ի նշան բողոքի Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեմ: Անկարան պահանջում է նաեւ, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ ճանաչի Թուրքիայի սահմաններն ըստ 1921թ. Մոսկովյան պայմանագրի:



Երեւանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան` դիտելու սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010 Աշխարհի առաջնության ֆուտբոլային խաղը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ: Նա նաեւ առաջարկել է ստեղծել 1915թ. իրադարձությունների հետազոտման համար պատմաբանների հանձնաժողով, սակայն ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն սահմանի բացումից հետո:



2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը նամակ էր հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հանձնաժողովի ստեղծման եւ հայկական ու թուրքական արխիվների բացման առաջարկով, սակայն մերժվեց Հայաստանի իշխանությունների կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---