Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում սառեցված վիճակը չի կարող անվերջ տեւել

PanARMENIAN.Net - Նրանում, որ Թուրքիայի ու Հայաստանի ներկայացուցիչները բանակցում են, ոչ մի սենսացիա չկա: Նման բանակցություններ ընթացել են ժամանակ առ ժամանակ անկախ Հայաստանի գոյության գրեթե առաջին իսկ օրվանից: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Զուրաբ Տոդուան: «Հայտնի է, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 90-ականների կեսերին ուղղակի հարց դրեց իր մերձակա շրջապատի առջեւ` հնարավորություններ եւ միջոցներ գտնել լուծելու համար առկա խնդիրները հայ-թուրքական հարաբերություններում, ներառյալ սահմանների բացումը, տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, Հայոց ցեղասպանության խնդիրը: Այն ժամանակ դա անել չհաջողվեց: Սակայն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում սառեցված վիճակը չի կարող անվերջ տեւել: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի վրա շատ թանկ է նստում: Հայաստանը մի կողմում է մնացել բոլոր տարածաշրջանային տնտեսական նախագծերից: Հայրենասիրական ալիքի եւ զրկանքներ կրելու պատրաստակամության վիճակում ժողովուրդը կարող է գտնվել միայն պատմական կարճ հատվածում: Հայաստանի բնակչության մեծամասնությունը, ես կարծում եմ, առնվազն ըմբռնումով կվերաբերվի բանակցությունների փաստին: Թեեւ, անշուշտ, կլինեն նաեւ բացառություններ: Կգտնվեն նաեւ մարդիկ, որ կանվանեն դա «ազգային շահերի դավաճանություն», «դիրքերի զիջում»,-ընդգծել է քաղաքագետը:



Նրա խոսքերով, Ռուսաստանում ոչ ոք ողբերգություն չի սարքի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից, բոլորը հասկանում են, որ տվյալ դեպքում փորձ է արվում պրագմատիկ նպատակներով բարելավել շփումները երկու պետությունների միջեւ: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Զ.Տոդուան: Նրա կարծիքով, նրանից, որ Հայաստանը կվերականգնի հարաբերությունները Թուրքիայի հետ, նրա դիրքը, որպես Ռուսաստանի ռազմավարական, ռազմա-քաղաքական գործընկերոջ, չի փոխվի: «Հակառակը, ՌԴ-ն, որը սերտ առեւտրա-տնտեսական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ավելի մեծ հնարավորություններ կստանա նոր հեռանկարային եւ լայնածավալ նախագծերի համար, որոնց, տեսականորեն, կարող է միանալ նաեւ Հայաստանը: Հայաստանը չի հեռանում Ռուսաստանից: Այնպես, ինչպես աշխարհի ցանկացած այլ մասում մեկուսանալ հարեւան մեծ երկրից նշանակում է դատապարտել ինքն իրեն դժվարությունների ու զրկանքների, գիտակցաբար զերծ պահելով իր ժողովրդին տարբեր շահերից ու առավելություններից: Դա հնարավոր է միայն քաղաքական նկատառումներից ելնելով, սակայն միշտ անբնական է»,--ասել է Տոդուան:



«Հանուն ո՞ր ռազմակավարական նպատակների ու խնդիրների Հայաստանը պետք է գնա արեւմտյան կուրսով եւ կտրվի Ռուսաստանից: Այս հարցին չկա տրամաբանական, եւ նույնիսկ քիչ թե շատ ըմբռնելի պատասխան: Հետեւաբար, նաեւ հիմք չկա կարծելու, թե նման դատողություններն ինչ-որ լուրջ հիմք ունեն իրենց տակ»,-ընդգծել է ռուս փորձագետը, գրում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---