Սիսեռյան. Ամուլսարի հանքի վերաբերյալ ուսումնասիրության ավարտի համար մինչև մայիս ժամանակ կա

Սիսեռյան. Ամուլսարի հանքի վերաբերյալ ուսումնասիրության ավարտի համար մինչև մայիս ժամանակ կա

PanARMENIAN.Net - Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում ստորգետնյա ջրերի վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրության և փորձագիտական եզրակացության համար մինչև ընթացիկ տարվա մայիս ամիսը ժամանակ կա: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Նա, սակայն, չմանրամասնեց, թե ինչ փուլում են գտնվում այդ ուսումնասիրությունները:

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն՝ ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և ՀՀ կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ 2018-ի հունիսից ի վեր չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---