ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել Մարի Յովանովիչի թեկնածությանը` Հայաստանում դեսպանի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել Մարի Յովանովիչի թեկնածությանը Հայաստանում դեսպանի պաշտոնում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամուլի եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը, սենատորները հավանություն են տվել թեկնածությանը` Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի գրավոր պատասխաններից հետո: «Քվեարկությունն անվանական էր, սենատոր Բոքսերը դեմ արտահայտվեց, սակայն վետո չկիրառեց: Դեսպանի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Սենատի օգոստոսյան նստաշրջանում, որտեղ պետք է հաստատվի Մարի Յովանովիչի թեկնածությունը»,-ասել է Չուլջյանը:



«Պետդեպարտամենտի նամակը քայլ առաջ է` թուրք կառավարության թելադրանքից ամերիկյան քաղաքականության ձերբազատման ճանապարհին: Միեւնույն ժամանակ մենք դեռեւս մտահոգ ենք այն փաստով, որ ԱՄՆ նախագահը հրաժարվում է պատշաճ կերպով բնութագրել 1915 թվականի իրադարձությունները: Մենք բավարարված ենք նրանով, որ սենատորներ Բիդենի, Բոքսերի եւ Մենենդեսի ճնշման ներքո Պետդեպարտամենտը նահանջեց փաստորեն անընդունելի պնդումներից, որոնք կասկածի էին ենթարկում Հայոց ցեղասպանության փաստը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում անցան լսումներ, նվիրված Մարի Յովանովիչի նշանակման հարցին ՀՀ-ում դեսպանի պաշտոնում: Լսումների ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը երկու անգամ վետո դրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը վրա Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով, մանրամասն հարցաքննեց Յովանովիչին նրա դիրքորոշոման մասին այդ պատմական փաստի վերեբարյալ, ներկայացնելով Ցեղասպանության շրջանի (1915թ) Պետդեպարտամենտի փաստաթղթերը եւ համեմատելով դրանք նրա հայտարարությունների հետ:



«ԱՄՆ-ի կառավարությունն ու ես ճանաչում ենք զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ 1,5 մլն հայերի արտագաղթի փաստը Օսմանյան կայսրությունում: Միացյալ Նահանգները ճանաչում են այդ իրադարձությունները որպես 20-րդ դարի մեծագույն ողբերգություն, Մեծ եղեռն կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է ամեն տարի ապրիլի 24-ին երկրի նախագահը հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին եւ համերաշխություն է հայտնում հայերի հետ Հիշատակի այդ օրը»,-լսումներում հայտարարել է Մարի Յովանովիչը:



Յովանովիչի թեկնածությունը Սպիտակ տունն առաջադրեց 2008թ հունվարին: 2006թ. աշնանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց դիվանագիտական ծառայությունից Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---