ԼՂՀ ԱԳՆ. Բաքուն պարզապես նոր ուղիներ է որոնում նավթադոլարների լվացման համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքում իբրեւ թե փախստականների համար Նարգիզթեփե ավանի կառուցման մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունը ակնհայտորեն որոշակի քարոզչական նպատակներ է հետապնդում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության տեղակատվական վարչության ղեկավար Մարսել Պետրոսյանը: Նրա խոսքերով, պատահական չէ, որ տվյալ հաղորդագրությունը օպերատիվ կերպով հերքվել է ադրբեջանական կողմից, սակայն, ինչպես այդ սովորաբար արվում է Ադրբեջանում, տեղեկատվության որոշ դրվագներ նորից վերակենդանացվել եւ մի քիչ այլ լույսի տակ ներկայացվել են հանրությանը:



«Հարց է ծագում` ինչու՞ է Նարգիզթեփե ավանը հիմնվում հենց Արամի անապատում, շփման գծից 2-3 կմ հեռավորության վրա, մի տեղամասում, որը, եթե հավատալու լինենք նույն ադրբեջանական կողմի հաղորդագրություններին, մշտապես գնդակոծվում է եւ միանգամայն հարմարեցված չէ բնակության համար: Միթե Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների համար, որոնք, իդեպ, իրենց զարգացման մակարդակով գերազանցում են Ադրբեջանի շրջանների բնակիչներին, բնակության ավելի հարմար վայր չի գտնվել, քան այս դաժան անապատը: Տվյալ «նախաձեռնությունը» այլ կերպ, քան սեփական բնակչության այս մասի նկատմամբ քամահրական վերաբերմունք, չի կարելի անվանել: Ըստ էության, Բաքվում որոշել են կազմակերպել հերթական ռազմա-քաղաքական սադրանքը` տեղեկատվական-քարոզչական «կրակ» ապահովել նորաստեղծ ավանի շուրջ, իսկ, ըստ էության, արգելաբնակավայր ստեղծել 5-6 հազար հարկադիր վերաբնակների համար /մեր տվյալներով Ադրբեջանում հենց այդքան փախստակններ են մնացել Լեռնային Ղարաբաղից/ եւ ղարաբաղյան կողմին մեղադրելու նոր առիթներ ստեղծել»,- ասել է Պետրոսյանը:



Նա նաեւ նկատել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ հազվադեպ չէին դեպքերը, երբ Ադրբեջանի իշխանությունները շտապ կերպով բնակեցրել են այս կամ այն վայրը, հետո դրանք վերածել ռազմական հենակետերի` փաստորեն իրենց զինվորների համար ստեղծելով «կենդանի պատնեշ» եւ կործանման մատնելով խաղաղ բնակչությանը: «Ղարաբաղյան կողմը, որն ավելի է մտահոգված իր նախկին ադրբեջանցի քաղաքացիների ճակատագրով, ափսոսանք է հայտնում, որ 20 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեցին իրարից օտարացած երկու ժողովուրդներին մերձեցնելու համար: Իսկ գուցե Բաքուն պարզապես նոր ուղիներ է որոնում նավթադոլարների լվացման համար: Եվ այդ որոնումները, ամենայն հավանականությամբ, բերել են անապատ: Համարյա չենք կասկածում եւ կցանկանայինք նախազգուշացնել հասարակայնությանը, որ Ադրբեջանի քարոզչական մեքենան ամենամոտ ժամանակներս վերոհիշյալ ավանը կընդգրկի պաշտպանության նախարարության ամփոփոգրերում` որպես ԼՂՀ պաշտպանության բանակի մշտական գնդակոծության տակ գտնվող բնակավայր»,- ընդգծել է Մարսել Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---