ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանության մասին հարցի համար լրագրողին դուրս հրավիրած կոնգրեսականի նկատմամբ

PanARMENIAN.Net - Կապիտոլիական Բլրի Ոստիկանությունը եւ Մեմֆիսի իրավապահ մարմինները առանձին հետաքննություն են սկսել կոնգրեսական Սթիվ Կոենի վերաբերյալ, ով Հայոց ցեղասպանության մասին հարցի համար մամլո ասուլիսից դուրս է հրավիրել լրագրող Պիտեր Մուսուրլյանին: Ինչպես Pan.ARMENIAN.Net-ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), այդ միջադեպից հետո Մուսուրլյանը դիմել է Մեմֆիսի ոստիկանական բաժանմունք, ինչպես նաեւ Կապիտոլիական Բլրի Ոստիկանություն: «Սթիվ Կոենի` Մուսուրլյանի դեմ ուղղված չափազանց տարօրինակ գործողությունները, մեղմ ասած, հարիր չեն կոնգրեսականին: Համենայնդեպս,մենք տեղյակ ենք երկու քրեական հետաքննությունների մասին եւ ենթադրում ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կարգապահական միջոցառումներ կձեռնարկի կոնգրեսական Կոենի նկատմամբ` նրա վարքի եւ Ամերիկայի հայ համայնքի հասցեին վիրավորանքների համար»,- հայտնել է ANCA-ի Արեւմտյան շրջանի Խորհրդի նախագահ Վիգեն Սոնենց-Փափազյանը: Նրա խոսքերով, այդ միջադեպից հետո հարց է առաջանում. արդյո՞ք այդ մարդը իրավունք ունի մնալու Կոնգրեսի անդամ:



Հիշեցնենք, որ մեմֆիսցի կոնգրեսական Սթիվ Կոենն իր մամլո ասուլիսի ժամանակ դուրս էր հրավիրել լրագրող Պիտեր Մուսուրլյանին, որը կոնգրեսականին խնդրել էր բացատրել Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը դիմակայելու պատճառը:



«Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը դիմակայելու վերաբերյալ փաստեր հավաքել փորձող լրագրողին մամլո ասուլիսից դուրս հրավիրելը Կոնգրեսի ներկայացուցչի կողմից խուլիգանական արարք է»,- հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Բուրբանկի (Կալիֆորնիա) հանրային հեռուստատեսությունում աշխատող Պիտեր Մուսուրլյանը Կոենից հարցազրույց էր փորձում վերցնել դեռեւս նախորդ շաբաթ. այդ հարցում նա մերժվել էր: Լրագրողը ձգտում էր Սթիվ Կոենի հետ զրուցելու հնարավորություն գտնել, բայց նրա ջանքերը չարդարացվեցին, եւ Կոենի նստավայրում տեղի ունեցող մամլո ասուլիսի ժամանակ կոնգրեսմենը Մուսուրլյանից պահանջեց հեռանալ սենյակից: Մամլո ասուլիսի ընթացքում կոնգրեսականը, ծայրահեղ կոպիտ անդրադառնալով Մուսուրլյանի հայկական ծագմանը, կրկին հայտնեց Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման դեմ իր պայքարի մասին:



ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը ներկա պահին սատարում են 219 կոնգրեսականներ: 2007թ. հոկտեմբերի 10-ին բանաձեւը արժանացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հավանությանը: Կոնգրեսմեն Կոենը բանաձեւի ընդունման հակառակորդներից մեկն էր: «Ցեղասպանությունը պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, անկախ նրանից, թե երբ եւ որտեղ է իրագործվել: Կոնգրեսմեն Կոենի` Հայոց ցեղասպանության հարցում ցուցաբերած դիմադրության հետ կապված հարց է առաջանում. իսկ ո՞ր ցեղասպանության ճանաչմանն է նա դիմադրելու վաղը»,-նկատել է Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---