ՄԻՊ-ը քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների կապի մասով վարույթ է սկսել

ՄԻՊ-ը   քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների կապի  մասով վարույթ է սկսել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ:

Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը կապ է հաստատել դեպքի տվյալները հրապարակած մի շարք անձանց, ինչպես նաև Է. Ծատինյանի մոր հետ:

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկատվությունը, թե ոստիկանության Նոր Նորքի բաժնում «դաժան ծեծի է ենթարկվել» սպանության մեջ կասկածվող Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը:

Ցանցում Ծատինյանի քույրը ներկայացած Մարիամ Մկրտչյանը գրել է, որ այն թաղամասում, որտեղ ապրել է իր եղբայրը, մի տարեց կին է սպանվել. Ծատինյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այդ սպանության դեպքով հարուցված քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել:

Քույրը պնդել է, որ իր եղբորը բաժին տարած ոստիկանները նրան ծեծել են, ապա «սպառնացել թմրադեղը գցել գրպանը, իսկ վերջինս հրաժարվելով կուլ է տվել այդ թմրադեղը»:

Մինչդեռ ըստ ոստիկանության հաղորդագրության, Ծատինյանի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---