Հայաստանի նախագահը դժգոհ է պետության դիվանագիտական ծառայության համակարգի ակտիվության աստիճանից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհ է պետության դիվանագիտական ծառայության համակարգի ակտիվության աստիճանից: Այդ մասին նա հայտնեց վերջերս արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: «Չափազանց մտահոգիչ է, որ նախարարությունում կան բազմաթիվ թափուր հաստիքներ, իսկ անցկացվող մրցույթները բավարար արդյունքներ չեն ապահովոմ: Կարծում եմ, որ լուրջ անելիքներ ունենք դիվանագետների ուսուցման, ընտրության, մասնագիտական առաջխաղացման ոլորտում: Տարօրինակ է, որ այդքան հետաքրքիր եւ գրավիչ մասնագիտությունը որոշ առումով պահանջված չէ: Թերեւս, Հայաստանում դիվանագիտական դպրոցի հիմնումը կարող է բարելավել վիճակը եւ այս առումով այդ գաղափարը մենք պետք է ամեն կերպ պաշտպանենք:Ակնհայտ է սպասողական, ինքնուրույն նախաձեռնությամբ չգործելու, պատասխանատվություն չստանձնելու միտում: Այդպիսի մոտեցումը չի կարող հաջողություն բերել Հայաստանի Հանրապետությանը»,- նկատել է Սերժ Սարգսյանը:



«Ինչպես նշել էի ապրիլին կայացած մեր հանդիպման ժամանակ, մենք քայլեր ենք ձեռնարկում դիվանագիտական ծառայության մի շարք հիմնախնդիրներ լուծելու ուղղությամբ: Դա նոր դեսպանատների բացումն է, ինչպես նաեւ եղած դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ֆինանսավորման բարելավումը: Սակայն, չեմ կարծում, թե դա հիմնական խնդիրն է, եւ ընդունելի արդարացում է առկա բացերի համար: Վստահ եմ, որ հնարավոր է անել շատ ավելին, քան արվում է հիմա: Ի վերջո, արտաքին գործերի նախարարությունում հավաքված են լավ կրթությամբ, լայն աշխարհահայացքով, արտերկրում ապրած եւ մեր երկրի խնդիրներն օտարի աչքով տեսած մարդիկ: Ես այս դահլիճում տեսնում եմ մարդկանց, ովքեր մեր պետական կառույցների կայացման գործում եղել են ողջ ճանապարհին, ճանապարհի ամենասկզբին` անկախության առաջին օրվանից սկսած, իսկ սա պարտավորեցնող է: Պետք է ուղղակի հավաքենք մեր ուժերը: Նորից եմ կրկնում` պետք է հավատանք մեր հնարավորություններին, պետք է ջանք, պետք է եռանդ եւ վստահ եմ, որ կարողանալու ենք լուծել այն խնդիրները, որ դրված են մեր արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ:»



ՀՀ նախագահը հատկապես ընդգծեց արտաքին քաղաքականության գերատեսչության համագործակցության կարեւորությունը ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ: «Ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ` իրական արդյունք ապահովող ծրագրերի համար մենք միշտ էլ կգտնենք ֆինանսական միջոցներ:Ուղղակի պետք է սկսել լայն մտածել, հավակնոտ ծրագրեր որդեգրել, եռանդ ցուցաբերել եւ հավատալ սեփական ուժերին: Սա ամենից կարեւորն է: Եթե մենք չհավատանք մեր հնարավորություններին, եթե մենք չհավատանք մեր ուժերին, մենք չենք կարող լուրջ խնդիրներ լուծել, իսկ մեր երկիրն այսօր առավել, քան երբեք կարիք ունի լուրջ խնդիրների լուծման

»,- նշել է երկրի ղեկավարը եւ ընդգծել, որ Սփյուռքի հետ հարաբերություններում ակնկալում է ակտիվացում` հաշվի առնելով համապատասխան նախարարության ստեղծման փաստը:«Մենք արդեն բավական ժամանակ է, որ խոսում ենք Սփյուռքի մամուլի մասին, բայց, ցավոք սրտի, մինչեւ այժմ այդ մամուլը թողնված է առանց որեւէ օժանդակության:»



«Մենք միշտ էլ ասել ենք, որ մեր ամենակարեւոր ռեսուրսը մարդկային ռեսուրսն է, այդ թվում սփյուռքի մեր եղբայրների: Մենք պարտավոր ենք սփյուռքի ներուժն օգտագործել շենացնելու մեր հայրենիքը, որն էլ իր հերթին կլինի հայապահպանության երաշխիքը»,-հայտնել է նախագահը, ավելացնելով, որ երկրի դիվանագիտական ծառայության համակարգում մասնագետների լրացման հարցում լուրջ խնդիրներ է նկատում եւ հույս ունի, որ իրադրությունը կբարելավվի հանրապետությունում Դիվանագիտական դպրոցի հիմնադրումից հետո:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---