Սանասարյանի փաստաբան. ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ վստահությունը կորցրել ենք

Սանասարյանի փաստաբան. ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ վստահությունը կորցրել ենք

PanARMENIAN.Net - ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին առաջադրվել է հանիրավի մեղադրանք: «Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այս ամենը շինծու է, որը իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից», - ասել է նա։Փաստաբանի խոսքով՝ ուղղորդված մոտեցում կա իր պաշտպանյալի նկատմամբ։

Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ ասել է, թե այս քրեական գործի հարուցումը բացառում է մեղադրյալի կարգավիճակը Սանասարյանի համար։Փաստաբանն ասել է թե կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ, հայտնում է Aysor.am-ը:

«Հիմա թե քննչական մարմինն է այսպիսի կոպիտ սխալ թույլ տալիս պաշտոնյայի նկատմամբ, թե ինչ-որ ստորգետնյա ջրեր կան, որ չենք տեսնում, այնուամենայնիվ, մենք ունենք փաստ՝ անձն, ով իր ամբողջ կյանքը նվիրել է պայքարին, հենց նույն պայքարի ընթացքում սկսում է քրեական հետապնդման ենթարկվել», - ասել է Արսեն Սարդարյանը։

Դավիթ Սանասարյանն էլ ասել է, թե երբ պետք է սկսեին ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, իրեն զգուշացրել են, որ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում։ «Իմ պատասխանը հստակ է եղել՝ մեզ չի հետաքրքրում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահպանվի», - ասել է Սանասարյանը։

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Պետական վերհսկողական ծառայության ղկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է:Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հաճախ նշվում է, թե Սանասարյանի գործը «կարված է»՝ ԱԱԾ տնօրենն արձագանքել է. «Հայաստանի Հանրապետությունում 2018-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել»:

Ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են: Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---