Վարչապետ․ Գազի շուկայով պետք է զբաղվել` մեզ մեղադրում են, ոմանք էլ «առիթավորվում» են

Վարչապետ․ Գազի շուկայով պետք է զբաղվել` մեզ մեղադրում են, ոմանք էլ «առիթավորվում» են

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազալցակայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին:

Նա շեշտել է, որ օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս մի քանի անգամ արձանագրել են, որ դա անում են սպառողների շահերի պաշտպանության համար և հավաստիացումներ են ստացել, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նշել է, որ ուսումնասիրություններ են կատարել ու գազի գինը ամբողջ Հայաստանում տատանվում է 255 դրամից մինչև 315 դրամի սահմանում:

«Նախկինում՝ մետր խորանարդով վաճառքի դեպքում, երբ գազը վաճառվում էր 200 դրամով, կգ-ի փոփոխության դեպքում պետք է վաճառքը իրականացվեր 270 դրամով, բայց այսօր որոշ տնտեսվարողներ գազի գինը թանկացրել են հասցնելով մինչև 310 դրամի: ՊԵԿ-ից պարոն Մաշադյանի հետ զրուցել եմ, վերջինս էլ բացատրել է, որ տնտեսվարողները նախկինում հնարավորություն են ունեցել չարաշահումների, թերլիցքավորման միջոցով գինը ցածր պահել, իսկ այսօր այդ հնարավորությունը չունենալու պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել գինը բարձրացնել»,- ասել է նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ օրենքի փոփոխությունում խոսքը վերաբերել է չափման միավորի փոփոխությանը, ոչ թե գումարին: Վարչապետը հետաքրքրվել է՝ ովքեր հիմա գազի գինը փոխում են, խոստովանում են, որ իրենք նախկինում սպառողներին խաբե՞լ են: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դրական պատասխան է տվել։

«Նախկինում աշտարակի ցուցիչի մեջ ձեռքով խտության գործակից ներմուծելու հնարավորություն եղել է և այսօր էլ կա: Մեր հայրենակիցները վճարել են օրինակ հազար մետր խորանարդ գազի դիմաց ենթադրենք 2 հազար դրամ, բայց լիցքավորվել է շատ ավելի պակաս: Եթե մենք վեր ենք ածում այն իրական լիցքավորված գազը գնի, ապա ստացվում է, որ նախկինում գինը եղել է ոչ թե 190-200 դրամ, այլ 210-ից 224 դրամ»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Նա նշել է, որ վարորդներն այդ խաբելու չափը հաշվի չեն առնում, դրա համար էլ դժգոհում են: Դավիթ Անանյանը հայտնել է, որ թվով 33 կազմակերպության վրա կա առաջադրած հարկային պարտավորություններ 22 մլրդ դրամի չափով:

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ճիշտ հաշվարկներ են արել, ՊԵԿ նախագահը վերահաստատել է, սակայն ընդգծել, որ անելիքներ ունեն գազալցակայանների գործունեության առումով: Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ բենզինի և գազի ոլորտում քաղաքականության հետ առնչություններ ունեցող, մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ կան:

«Ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի քաղաքական շահարկումների առիթ տալ այդ հարցին: Մենք սրանով պետք է շատ լուրջ զբաղվենք: Շատ դեպքերում գուցե մենք դանդաղ ենք աշխատում, հանրությունը մեզ մեղադրում է, և ոմանք կարծես թե առիթավորվում են: Կարող է այսպիսի երանգ էլ լինի: Հստակ ասում եմ՝ արագ զբաղվեք: Այսպիսի բան չպետք է թույլ տալ: Շատ դեպքերում հնարավոր է՝ շատ մեղմ ենք վարվում մարդկանց հետ և մարդկանց թվում է այն անեկդոտի նման` «կատակ էր, անում հետ եկեք»: Չէ, կատակ չենք անում»,-ասել է նա;

Նա կարևորել է, որ պետք է 100 տոկոսով վստահ լինեն որ որոշումը ճիշտ է:

«Քանի որ նախկին օլիգարխներ, հայտնի կլանների անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ իրենք իրենց հոտառությունը չեն կորցրել: Եթե կորցրել են, արագ պետք է վերականգնել և համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»,-ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---