«Ոսկե ծիրանին» ավելի քան 740 ֆիլմ է ներկայացվել

«Ոսկե ծիրանին» ավելի քան 740 ֆիլմ է ներկայացվել

PanARMENIAN.Net - Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից: Այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

«Eventival կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Այնպես որ՝ հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք: Ընդ որում՝ նշեմ, որ Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,-իր խոսքում նշել է Հասմիկ Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:

Հասմիկ Հովհաննիսյանն առանձնահատուկ շեշտել է, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝ փառատոնի շրջանակում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողներ կլինեն մասնագետներնաև այլ երկրներից:

«Ոսկե ծիրանի» տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրել է փառատոնի նոր լոգոն՝տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Տարբերանշանի հեղինակը՝ դիզայներ Վիլյամ Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը, և այդ տառի միջոցով ինքը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև GAIFF Pro ծրագրին: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ, տարածաշրջանի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներ` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ տեղի կինոգործիչների համար:

Մասնավորապես՝ GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում փառատոնի օրերին կանցկացվեն տարատեսակ դասընթացներ, կլինի նաև նախագծերի շուկա: Արդեն իսկ ստացվել են 27 զարգացման, ինչպես նաև 5 աշխատանքային փուլում գտնվող նախագծերի հայտեր: GAIFF Pro-ին մասնակցության հայտեր ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---