Ալումյան. Իրավիճակը ծայրահեղ լարվել է

Ալումյան. Իրավիճակը ծայրահեղ լարվել է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրավիճակը ծայրահեղ լարվել է։

«Այսօր առավոտյան ժամը 10։30-ի սահմանում մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հորդոր, կոչ իրենց աջակիցներին»,-ասել է փաստբանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընթերցել է Սարգսյանի տեղադրած հայտարարությունը, ապա գնահատել՝ պատգամավորը կոպտորեն խախատում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, և նշել, որ նույնիսկ ՀՔԾ-ն պարոն Քոչարյանին 10 մարդկանց կյանքը խլելը կամ գոնե նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում։

«Պարոն Սարգսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, իշխող խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով ու հայտարարություններով է հանդես գալիս «չի կարելի թույլ տալ ազատ արձակել»։ Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամաբ ամենաբիրտ ճնշում։ Սրանից հետո մեզ պետք է ասեն, Հայաստանում բացառված են դատարանների նկատմամբ ճնշումները։ Այս թեզը հեքիաթ է, Հայաստանում դատարանների նկատմամաբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում»,-ասել է փաստաբանը։

Նա կոչով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և իրավապահ մարմիններին, հայտնում է Aysor.am-ը:

«Մեծարգո պարոն Սարգսյան, կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը։ Իսկ այն, ինչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարոն Սարգսյանը, և այն, ինչ հիմա ամբողջ ֆեյսբուքով իրենց կողմնակիցների միջոցով տարածվում է, ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ։ Այսինքն՝ հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։

Հարգելի գլխավոր դատախազ, ես Ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարել ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով», ասել է Ալումյանը։

Ալումյանը հավաքը թույլ չտալու կոչով դիմել է նաև ոստիկանապետին և վարչապետին:

Պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ»:Սարգսյանն իր ֆեյսբուքայն էջում կոչ է արել՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատավորի որոշման կայացումը թույլ չտալու համար այսօր ժամը 13-ին հավաքվել դատարանի դիմաց։

Ավելի ուշ պատգամավորը ջնջել է իր գրառումը:Մայիսի 18-ին, 13:00-ին դատարանը քննելու է Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---