Միջազգային փաստաթղթերում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ավելի հստակ է ներկայացված, քան տարածքային ամբողջականության սկզբունքը

PanARMENIAN.Net - Երկու սկզբունքներն էլ` ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը, կախված են քաղաքական կոնյուկտուրայից, սակայն հիմնարար փաստաթղթերում ազգերի ինքնորոշման իրավունքն առավել հստակ է ներկայացված: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Նա հիշեցրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը վերածվել է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ գրանցված իրավունքի հիմնական սկզբունքներից մեկի: «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում (1970 հոկտեմբերի 24) այս սկզբունքը հետագա զարգացումը ստացավ: Նույն Հռչակագրում ասվում է, որ ինքնորոշման իրավունքի իրականացման միջոցներ կարող են հանդիսանալ «ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծումը, ազատ միացումը անկախ պետության կամ միավորումը նրա հետ, կամ ցանկացած այլ քաղաքական կարգավիճակի ընդունումը»: Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին Միջազգային համաձայնագրում եւ 1966թ, դեկտեմբերի 19-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրում (հոդված 1) ասված է. «Բոլոր ժողովուրդները ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի համաձայն նրանք ազատ կերպով հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատ ապահովում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը...Այդ համաձայնագրին մասնակից բոլոր պետությունները...պետք է ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրագործումն ու հարգեն այդ իրավունքը»,- նշել է վերլուծաբանը:



Արեշեւը նշել է նաեւ 1975թ. Անվտանգության եւ համագործակցության Հելսինկիի եզրափակիչ ակտը, որում ասվում է այն մասին, որ բոլոր սկզբունքներն «առաջնահերթ կարեւորություն» ունեն: «Փաստաթղթում թվարկվում են 10 սկզբունքներ, որոնց թվում է` ուժի կամ սպառնալիքի չկիրառումը եւ վեճերի խաղաղ կարգավորումը: Այսինքն հենց այն սկզբունքները, որոնք կոպտորեն խախտել է վրացական կողմը: Իրականում, վեճերը այս կամ այն սկզբունքի գերակայության մասին ներկայումս ունեն զուտ կոնյուկտուրային քաղաքականացված բնույթ: Իրականում, այդ սկզբունքները, վերը նշվածը հաշվի առնելով, հազիվ թե շատ են հակասում միմյանց: Օրինակ, երբ 1990-ականների սկզբին Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա եւ հայտարարեց այն որպես նոր գավառ իրեն միացնելու մասին, նա խախտեց Քուվեյթի տարածքային ամբողջականությունը (ԱՄՆ-ի դերը, որը «քուվեյթյան որոգայթը» լարեց Իրաքի առաջնորդի համար, մենք այստեղ չենք դիտարկի): Իսկ Ղարաբաղի, Աբխազիայի եւ Օսեթիայի դեպքում մենք գործ ունենք ժողովրդների կամքի հետ, որը ձեւակերպած է այդ պահին գործող օրենսդրություններին համաձայն, իսկ այդ հանրապետությունների պաշտպանությանն ուղղված ռազմական գործողությունները արտաքին ագրեսիայի ետ մղում էր, ինչի իրավունքը նախատեսված է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ»,- ընդգծել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---