Ալումյանը պահանջել է քրգործ հարուցել Ջհանգիրյանի որոշ հայտարարությունների մասով

Ալումյանը պահանջել  է քրգործ հարուցել Ջհանգիրյանի որոշ հայտարարությունների մասով

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել և պահանջել հարուցել քրեական գործ։ Գլխավոր դատախազին հաղորդում ներկայացնելու առիթը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցում հնչեցրած մի քանի արտահայտություններն են։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Ալումյանը մասնավորեցրել է՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ջհանգիրյանն իր հարցազրույցում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Սահմանադրական դատարանը միտումնավոր ձգձգում է որոշման կայացումը՝ այդպիսով հնարավորություն տալով Վերաքննիչ դատարանին ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը, հայտնում է Aysor.am-ը։

«Նրա ասածից հետևում է, որ ՍԴ-ն շանս է տալիս ընդհանուր իրավասության դատարաններին, որ սխալը ուղղվի, որ Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն այստեղ նախապես պլանավորված դատական ակտերի մասին է խոսքը։ Նշանակում է՝ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու Սահմանադրական դատարանը։ Նա նաև ասաց, որ չակերտները չի բացի։ Նման տեղեկատվության ոչ ոք չպետք է տիրապետեր», - ներկայացրել է Ալումյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր կասեցնել Մարտի 1-ի գործով վարույթը և դիմել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն ընդունել էր վարույթ և որոշել հարցի քննարկման ժամկետը երկարաձգել մեկ ամսով։

Ալումյանը Ջհանգիրյանի մեկ այլ հայտարարություն էլ է մեջբերել՝ «Սահմանադրական դատարանն այս կազմով այս գործը չի քննելու» ու ավելացրել է.«Պետք է հասկանալ՝ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանում փոփոխություններ են տեղի ունենալու։ Շատ հեռու գնացող հայտարարություններ էին, այսինքն՝ առնվազն երկու դատական ատյանների հետագա անելիքները հայտնի էին պարոն Ջհանգիրյանին»։

Նրա խոսքով, Ջհանգիրյանը մատնանշել է հանգամանքներ, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---