Աբդուլլահ Գյուլ. Կովկասյան պլատֆորմը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Համագործակցության եւ կայունության կովկասյան պլատֆորմը կնպաստի սառեցված հակամարտությունների կարգավորմանը Կովկասում, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի շրջանակներում ընթացող կլոր սեղանի ժամանակ: Ա.Գյուլը նշել է, որ Երեւան ու Բաքու կատարած իր այցերի, ինչպես նաեւ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի Վրաստան ու Ռուսաստան կատարած այցերի ժամանակ «թուրքական կողմը տեսավ, որ այս գաղափարը հավանության է արժանանում»: Անդրադառնալով Կիպրոսի խնդրին` Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այսօր ժամանակն է վերջ դնել Կիպրոսի թուրքական բնակչության մեկուսացմանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:



Հարավային Օսեթիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի առաջարկության կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել երկխոսությանը որպես տարածաշրջանում անվտանգության, համագործակցության ու վստահության ամրապնդման միջոցի, գնահատել է թուրքական նախաձեռնությունը որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---