Ադրբեջանը կցանկանար, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը կցանկանար, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ասել է Ադրբեջանի նախագահի Գործադիր ապարատի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: «Թուրքիան Ադրբեջանի բարեկամական, եղբայրական երկիրն ու մարտավարական գործընկերն է եւ ներկայացված է Մինսկի խմբում: Բայց Մինսկի խմբի համանախագահությունը ձեւավորվում է կոնսենսուսի ճանապարհով: Գտնում եմ, որ Թուրքիայի համանախագահության հարցում Հայաստանի համաձայնության հավանականությունը հավասար է զրոյի: Այդ իսկ պատճառով հնարավոր չէ այդ մասին լայնորեն խոսել»,- ասել է Մամեդովը: Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարությունները մի քանի անգամ քննարկումներ են անցկացրել: Մամեդովն ասել է, որ վերջին գործընթացների հիման վրա Թուրքիայի ղեկավարությունը հանդես է գալիս որոշակի հայտարարություներով:



«Եթե հակամարտության կարգավորման համար հայերի հետ վարվող վերջին բանակցությունների ընթացքում Թուրքիայի ղեկավարության գործադրած ջանքերի արդյունքում նրանք կարողանան հայկական կողմին համոզել համաձայնություն տալ Մինսկի խմբում ներկայանալու համար, մի շարք հարցերում որոշակի պարզություն կնկատվի: Եթե ձեւաչափի, համանախագահների հարցերում համաձայնություն լինի, կարող է այնպես ստացվի, որ Թուրքիան դառնա Մինսկի խմբի համանախագահ: Բայց ես դա իրական չեմ համարում»,- ավելացրել է նա: Նրա կարծիքով, հաշվի առնելով, որ ներկայումս Հարավային Կոկվասը Եվրասիայի զգայուն տարածաշրջաններից մեկն է, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ իրադարձությունները ազդել են աշխարհում կատարվող գործընթացների եւ միջազգային հարաբերությունների վրա:



«Այդ իսկ պատճառով մի շարք վերլուծաբաններ, կենտրոններ, որոշները գիտակցաբար, որոշները` ոչ, հաշվի առնելով միջազգային հարաբերություններում կատարվող գործընթացները, հայտարարում են, որ հնարավոր է` փոխվեն կամ համանախագահները, կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այստեղ խոսքն ավելի շատ գնում էր ձեւաչափի փոփոխման մասին: Որովհետեւ այդ գործընթացներում լարվածություն է առաջացել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ այդ երկրները կանգնած են ճակատի տարբեր կողմերում` միմյանց դիմաց»,- ընդգծել է Մամեդովը:



Նա ավելացրեց նաեւ, որ, չնայած դրան, օրակարգում դեռեւս չկա համանախագահների կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման հարցը: «Նման հարցերում պետք է համբերատար լինել: Ուղղակի այն բանից, որ Մինսկի խմբի համանախագահների այցերը տարածաշրջան առանձին կատարվեցին, դա էլ պատճառ դարձավ համանախագահ-երկրների կամ էլ ձեւաչափի փոփոխման մասին կարծիքի առաջացման համար»,- ասել է Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---