ՍԴ-ն մերժել է Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

ՍԴ-ն մերժել է Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Ա․ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։

ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով «Սահմանադրական կարգը տապալելը․ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով»։

Որոշումը ստորագրված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունով, հայտնում է «Ա1+»-ը:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասված է.Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2019 թվականի հունիսի 25-ի միջնորդությունը մերժել հետևյալ պատճառաբանությամբ.

1) տվյալ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը՝ որպես այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող սահմանադրական դատավարության մասնակից, պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել: Իսկ վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով,

2) hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով, ուստի նրա համար որևէ անդառնալի կամ ծանր հետևանք նույնպես չի կարող առաջանալ:

Դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։ Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանմամ միջոց կիրառել կալանավորումը։

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---