ԱԱԾ. Ներկրված թմրամիջոցը փորձել են $50,000-ով վաճառել՝ 2 անձ կալանավորվել է (վիդեո)

ԱԱԾ. Ներկրված թմրամիջոցը փորձել են $50,000-ով վաճառել՝ 2 անձ կալանավորվել է

PanARMENIAN.Net - Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք է բացահայտվել: ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտումն իրականացրել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներ ստանալով այն մասին, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձինք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված առանձնապես խոշոր չափերով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրացնելու ուղիներ են փնտրում, «Վերահսկելի գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում կազմակերպել են թմրամիջոցի գնումը և բացահայտել դրա հետ առնչություն ունեցող անձանց, ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, թմրամիջոցն իրացնող անձանց ներկայացվել է գնման համար նախատեսված 50,000 դոլար գումարը, և վերջիններս, համոզված լինելով, որ գործարքն իրական է, 1 կգ «մեթամֆետամինը» տեղափոխել են նախանշված վայր՝ գնորդին փոխանցելու համար, որից անմիջապես հետո բացահայտվել և բերման են ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, վերջիններս կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---