Փաշինյան. Մերիտոկրատիան և ազնվությունը դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները

Փաշինյան. Մերիտոկրատիան և ազնվությունը դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները

PanARMENIAN.Net - Սինգապուրը հայերի համար այն երկիրն է, որի նկատմամբ առանձնահատուկ զգացմունքներ կան՝ Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր, որի բացառիկ փորձը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՀՀ համար: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշին իր բաժակաճառում:

Նա հավելել է նաև, որ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բաժակաճառում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։ Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է: Եվ այսօր մենք, ինչ խոսք, հպարտ ենք, որ աշխարհի այս գեղեցիկ անկյուններից մեկում, որով զմայլվում է ողջ աշխարհը, փոքր և ձեռներեց հայ համայնքն իր արժանի հետքն է թողել: Ուրախ ենք, որ Սինգապուրի հայկական նյութական և հոգևոր ժառանգությունն այստեղ հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ:

Մենք, հիրավի, հպարտ ենք անցյալով, սակայն չենք ցանկանում սահմանափակվել դրանով: Ուզում ենք, որ այսօր ևս մեր երկու երկրներն առևտուր անեն միմյանց միջև և մարդկային հարաբերությունները զարգացնեն այնպես, ինչպես դա անում էին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:

Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ, դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար»:

Վարչապետը նշել է նաև, որ ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

«Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու համար նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման և զարգացման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերատարությունն ու լավատեսությունն են համարվում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը մեր երկրներում:

Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսևորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքի վրա հենված տնտեսության, նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի: Մեր արտաքին միջավայրը մեզ ստիպում է գնալ այդ ճանապարհով:

Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվ ու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:Ավարտելով խոսքս, ցանկանում եմ բաժակ բարձրացնել ի պատիվ բարեկամ Սինգապուրի և մեր ժողովուրդների բարեկամության: Հանու՛ն ձեր հրաշալի քաղաքի ու տաղանդավոր ժողովրդի: Հանու՛ն մեր ապագա համագործակցության»,-ասել է Փաշինյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---