Հայաստանին Ղարաբաղյան հարցի նկատմամբ «ավելի ճկուն դիրքորոշման» դիմաց խոստանում են մասնակցություն «Նաբուկկո»-յու՞մ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան կարգավորումը փակուղուց դուրս բերելու գործում կարող է օգնել տնտեսությունը: Ինչպես հաղորդվում է, թուրքական եւ ադրբեջանական իշխանությունները լրջորեն դիտարկում են վաղուց արդեն առաջ մղվող «Նաբուկկո» խողովակաշարի նախագծին Հայաստանի մասնակցության հնարավորությունը Ղարաբաղի շուրջ համակարգված խաղաղ համաձայնության շրջանակներում: Ղարաբաղյան խաղաղ գործընթացն ակտիվացնելու ջանքերը գլխավորում է Թուրքիան: Սեպտեմբերի 26-ին Նյու-Յորքում կայացավ թուրք, հայ եւ ադրբեջանցի պաշտոնական անձանց մասնակցությամբ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու անվտանգության ոլորտի այլ կողմեր: Այդ հանդիպումը արդեն 2008թ. ավարտին կարգավորման հասնելու հնարավորության հույս առաջացրեց: Չնայած, որ կայացած քննարկումների մասին չափազանց քիչ բան էր հաղորդվում, մի շարք փորձագետներ գտնում են, որ երեք կողմերը շոշափել են մի համաձայնության հնարավորություն, որի շրջանակներում Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ «ավելի ճկուն դիրքորոշման» դիմաց կմտնի «Նաբուկկո» նախագծի մասնակիցների թվի մեջ»,- գրում է EurasiaNet-ը, նշելով, որ ադրբեջանական իշխանություններն, ըստ երեւույթին, պատրաստ են «Նաբուկկո» նախագծի վրա աշխատել Հայաստանի հետ, եթե «Երեւանը բավականաչափ ճկունություն ցուցաբերի ղարաբաղյան հիմնախնդրում»: «Իհարկե, Ադրբեջանը «Նաբուկկո»-յի հարցը քաղաքական կախվածության մեջ է դրել ղարաբաղյան հակամարտությունից»,- ասել է Բաքվի «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն:



Թուրք վերլուծաբանն ու TURKSAM գիտական կենտրոնի նախագահն Անկարայից` Սինան Օգանը, նշում է, որ «Նաբուկկո» նախագծին Հայաստանի մասնակցության թեման ծագել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի` վերջերս Ադրբեջան կատարած այցի արդյունքում, որը այսքան ասեկոսեներ է առաջացրել: «Հայաստանն այդ նախագծին մասնակից դարձնելու լուրջ ծրագրեր կան: Սկզբում Թուրքիան եւ Ադրբեջանը դեմ էին այդ գաղափարին, բայց այժմ Հայաստանի մասնակցությունը լիովին իրական է»,- նշել է Օգանը:



Բաքվի քաղաքական վերլուծաբան Շահինօղլուն ենթադրում է, որ խաղաղ գործընթացը ոչ դյուրին փուլ է մտել: Ցանկացած հնարավոր շրջադարձ, ամենայն հավանականությամբ, կպահանջի ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից` Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսից, որպեսզի նրանք մոռանան իրենց ներկայիս տարաձայնությունների մասին եւ դիավանագիտական համագործակցության մեջ մտնեն, ասում է նա: «Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների էվոլյուցիան ուղեկցվում է բոլորովին նոր դինամիկայով` այդ առումով ունիկալ հնարավորություններ ստեղծելով շրջադարձի հասնելու համար»,- նշում է մասնագետը:- Բայց դինամիկան կարող է եւ ռազմական գործողությունների վերսկսման հանգեցնել, եթե գերտերությունները` առաջին հերթին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, պահպանեն ֆունդամենտալ անհամաձայնությունները անդրկովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ իրենց մոտեցումներում»:



Կրեմլն այնքան էլ հետաքրքրված չէ Ղարաբաղի հարցում թուրքական նախաձեռնության հաջողության մեջ, ավելացնում է Շահինօղլուն: Նրա կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ինչպես նաեւ Երեւանի պոտենցիալ մասնակցությունը «Նաբուկկո» նախագծին լուրջ կորուստ կբերի Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---