Ադրբեջանի ռազմական դոկտրինի նախագծից կհանվեն բոլոր հիշատակությունները Թուրքիայի մասի՞ն

PanARMENIAN.Net - «Ներկայումս Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառվում է, իհարկե, ոչ ընդմիշտ, բայց ներկայումս դա այդպես է»,- այսօր Երեւանում կայացած կլոր սեղանի ընթացքում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, 2008թ. սկզբից ի վեր Ադրբեջանի ռազմական ճարտասանությունը թափ էր հավաքում, «բայց հանկարծ ամեն ինչ ընդհատվեց, ճարտասանությունը բոլորովին այլ դարձավ, եւ որոշակի խուճապից հետո հաղթանակեցին պրագմատիկները` Ադրբեջանի այն մարդիկ, որոնք հայտնում են գործընթացի խաղաղ զարգացման ցանկության մասին»: Քաղաքագետի կարծիքով, այդ գործում իր դերն է խաղացել նաեւ Սերբյան Կրայնայի սցենարի կրկնման փորձի ձախողումը, որը փորձել էր նախաձեռնել Վրաստանի կառավարությունը: «Լեռնային Ղարաբաղը, որը փորձում էին հալեցնել, դարձյալ սառել է, եւ ես դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ Սահակաշվիլիին»,- նշել է Իսկանդարյանը:



«Սեպտեմբերին Ադրբեջանում պետք է ընդունվեր ռազմական դոկտրին, որում, բացի մնացյալից, խոսվում էր Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ համատեղ պաշտպանական քաղաքականության իրականացման եւ ռազմական շինարարության ոլորտում երկրների համագործակցության ուժեղացման մասին, բայց այդ ուսմունքն այդպես էլ չընդունվեց: Տեղեկություններ կան այն մասին, որ այդ խոսքերը հանվելու են դոկտրինից, եւ որ դրանում Թուրքիան ընդհանրապես չի հիշատակվելու»,- հաղորդել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, այսօր տարածաշրջանում փոխվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի դերը, եւ Բաքուն այդ նոր իրադրության մեջ, հատկապես Երեւան-Անկարա հաղորդակցության մեջ կատարվող փոփոխությունների պատճառով, իրեն շատ ավելի անվստահ է զգում: «Տեսնենք, թե ինչպես կզարգանան դեպքերը: Իմ տեսակետից, այն, ինչ այսօր կատարվում է հայ-թուրքական փոխհարաբերություններում, միայն հնարավորություններ են, որոնք նախկինում չեն եղել: Բայց այդ հնարավորությունները պետք է դեռ օգտագործել, դրանք պետք է խաղարկել: Եւ դա կախված է նրանից, թե ինչպես հետագայում կգործեն Երեւանն ու Անկարան, ինչպես նաեւ Թուրքիայի ներքին գործընթացներից, քանի որ Թուրքիայի քաղաքական էլիտայի եւ բնակչության զգալի հատվածը դեմ է այսօր սկսված գործընթացներին»,- նշել է հայ փորձագետը` ավելացնելով, որ հենց երկու գործոններից` Հայաստանի արտաքին եւ Թուրքիայի ներքին քաղաքականություններից է կախված, թե արդյոք Ադրբեջանում որոշ ժամանակ անց կվերսկսվի ռազմատենչ ուսմունքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---