Հայաստանը բարձր է գնահատում պաշտպանության ոլորոտում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ «Խոշոր ձեռնարկությունների վարչական ապարատի ղեկավարները ազգային անվտանգության համար» (BENS) կազմակերպության պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց պատվիրակության անդամներին` նշելով, որ Հայաստանի Հանրապետության որդեգրած փոխլրացման քաղաքականության համատեքստում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցությունը, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ միասին առանցքային նշանակություն ունի, ինչի վառ ապացույցն են ներկայումս Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ական, ռուսական, ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունները:



Հանդիպման ընթացքում նախարարը նշեց նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում ամերիկյան կողմի ջանքերը Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության զարգացման գործում: Այս առումով պետք է գոհունակությամբ արձանագրել, որ արդեն մի քանի տարի է առկա են համագործակցության կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակներում այն շարունակական եւ կառուցողական բնույթ է ստացել եւ որն իրականացվում է ըստ հետեւյալ հիմնական ծրագրերի`



1. «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF). այս ծրագրի շրջանակներում ամերիկյան կառավարության կողմից տրամադրվող միջոցներն (տարեկան մոտ 3 մլն դոլար) ուղղվում են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի, ականազերծման կենտրոնի, ինչպես նա- շարժական դաշտային հոսպիտալի (EMEDS) կարողությունների զարգացմանը, որն, ի դեպ, միակն է տարածաշրջանում եւ եզակիներից մեկը աշխարհում:



2. «Միջազգային ռազմական կրթություն եւ վարժանք» (IMET). ծրագիր, որի շրջանակներում շուրջ 100 հայ զինծառայողներ հնարավորություն են ստացել ուսանել ԱՄՆ զինված ուժերի ռազմաուսումնական հաստատություններում:



3. «Համատեղ շփման խումբ». Կանզասի հետ նահանգային համագործակցություն, որը շուրջ 5 տարվա պատմություն ունի. համագործակցում ենք ռազմական բժշկության, ականազերծման, խաղաղապահության ոլորտներում: Հայաստան-Կանզաս համագործակցությունը շարունակական զարգացում է ապրում եւ հոկտեմբերի 3-ը Կանզասի նահանգապետ Կետլին Սիբելուսի հրամանագրով հայտարարված է Կանզաս-Հայաստան գործընկերության օր:



Ս.Օհանյանը նշեց, նաեւ որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ հետ պաշտպանական համագործակցության համատեքստում Եվրոպական հրամանատարության հետ համագործակցությունը, որն իր նպաստը կբերի ՀՀ զինված ուժերում իրականացվող պաշտպանական, օրենսդրական բարեփոխումների - ՀՀ-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը:



Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը հանգամանալից պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---