Ռուսաստանը որոշել է ուժեղացնել իր ազդեցությունը Երեւանի եւ Բաքվի վրա ղարաբաղյան գործընթացին միջնորդելու ճանապարհով

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, ինչպես նաեւ Կովկասի վերջին իրադարձությունները` կարելի է ասել, որ բոլոր այդ երեւույթները յուրահատուկ համ են հաղորդել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած այցին: Այդ մասին այսօր Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:



«Բնական է, որ, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, մենք ելնում ենք երկու բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը դարավոր բարեկամությունն է, որը հանդիսանում է երկկողմ հարաբերությունների ֆունդամենտալ հիմքը: Երկրորդ բաղադրիչը քաղաքականն է: Այդ բաղադրիչը նյութականացվում է կախված աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից, կախված այն բանից, թե գլոբալ խաղացողների ինչ շահեր են ընդհարվում տարածաշրջանում: Վրաստանի վերջին իրադարձությունները լուսաբանեցին հենց այդ մոտեցումը հայ-ռուսական հարաբերություններում»,- նշել է Արմեն Աշոտյանը:



Նրա խոսքերով, Ռուսաստանը Հայաստանին հետաքրքրում է ոչ միայն որպես մարտավարական գործընկեր: Երեւանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ռուսական օգնության մեջ, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը: Բացի այդ, Հայաստանին հետաքրքրում է Ռուսաստանի աջակցությունը երկրի անվտանգությանը:



Միեւնույն ժամանակ Արմեն Աշոտյանը նկատել է, որ այսօր ակնհայտ է, որ «Հայաստանն ու Ռուսաստանը տարածաշրջանում լիարժեք չեն բավարարում միմյանց աշխարհաքաղաքական կարիքները»: «Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն լրացուցիչ բաղադրիչների: Այդ տեսակետից անհրաժեշտ է հանգիստ վերաբերվել տարածաշրջանում հայ-եվրոպա-ամերիկյան եւ ռուս-թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական խաղերին, քանի որ դրանք ուղղված են այն ազգային շահերի բավարարմանը, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող միմյանց առաջարկել»,- գտնում է հայ խորհրդարանականը եւ նշում, որ երկար ժամանակով կորցնելով իր ազդեցությունը Վրաստանի վրա` Ռուսաստանը տարածաշրջանում առավել մեծ հսկողության հասնելու համար որոշել է ուժեղացնել իր ազդեցությունը Երեւանի եւ Բաքվի վրա ղարաբաղյան գործընթացին միջնորդելու ճանապարհով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---