ՀՔԾ փոխղեկավար. Հիմքեր չկան պնդելու, որ սպանություն է եղել

ՀՔԾ փոխղեկավար. Հիմքեր չկան պնդելու, որ սպանություն է եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

«Պնդել, որ տեղի է ունեցել սպանություն, ներկա պահին հիմքեր չկան, որքան ինձ հայտնի է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ էր այնպիսի անձնական տվյալների հրապարակումը, որ տանը մենակ չէր եղել, ալկոհոլի ազդեցության տակ էր եղել՝ Հովհաննիսյանն ասել է. «Հրապարակումը Հատուկ քննչական ծառայության կողմից չի իրականացվել։ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, որը սահմանում է նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, սահմանված է, որ ցանկացած գործով հրապարկման ենթակա տեղեկատվության ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը, այսինքն քննիչը: Ցանկացած քննիչ ինքն է իրավասու որոշել իր վարույթում գտնվող քրգործով հրապարակման ենթակա ծավալը»:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ իբր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը փորձել է ստիպել Հայկ Հարությունյանին, որ ցուցմունք տա՝ Հովհաննիսյանն ասել է. «Իրականությանը չեն համապատասխանում, հերյուրանքներ են»:

Քննչական կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---