Հայաստանը լավ շանս է ստացել տարածաշրջանում հանգուցային պետություն դառնալու համար

PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության ակտիվացման լույսի ներքո, հատկապես եթե Թուրքիան առաջնորդվի թուրքիզմով ու իսլամով, բազմազգ Վրաստանի համար, որտեղ ազգային փոքրամասնությունները կոմպակտ են բնակվում, եւ որը կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան, չափազանց կարեւոր կլինի իր տարածքային ամբողջականության պահպանումը»,-գրում է ղարաբաղցի քաղաքագետ Դավիդ Բաբայանը PanARMENIAN.Net ի ստացած «Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունների գլոբալ, տարածաշրջանային եւ լոկալ մակարդակները» հոդվածում: Նրա կարծիքով, թուրքիզմի գաղափարը եւ դրա հիման վրա կապերի հետագա ամրապնդումը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, կարող է գայթակղություն առաջացնել Վրաստանում կոմպակտ բնակվող ադրբեջանական բնակչության մոտ, որի քանակը մոտ կես միլիոն է, փորձել դուրս գալ վրացական պետության կազմից եւ միանալ «ավագ եղբայրներին»: Այս համատեքստում, ընդգծում է ղարաբաղցի քաղաքագետը, Վրաստանի միավորված գոյության պահպանումը շատ բանով կախված կլինի Հայաստանից եւ հայաբնակ Ջավախքից, եւ Հայաստանը կարող է դառնալ միասնական Վրաստանի առանցքային երաշխավորներից մեկը:



«Ինչպես տեսնում ենք, Հայաստանը լավ շանս է ստացել տարածաշրջանում հանգուցային պետություն դառնալու համար: Սակայն հանգուցային պետության վերածվելու առանցքային բաղադրիչը ոչ այնքան ստեղծված իրողությունների հմուտ օգտագործումն է, որքան առավել հիմնարար մի բան, առանց որի հնարավոր չի լինի օգտագործել նույնիսկ ամենախոստումնալից հնարավորությունները: Այդ հիմնարար բանը կենսունակ եւ ինքնաբավ հայկական պետականությունն է: Մեր պետականության զարգացման ներկա փուլում նրա ապագան ուղղակիորեն կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի կենսունակությունից: Եվ այդ համատեքստում հատուկ դեր է ստանում Ղարաբաղը եւ նրա ապագան: Հայ ժողովրդի համար Ղարաբաղը համալիր հասկացություն է, որ կախված է միաժամանակ հոգեւոր ու նյութական բաղադրիչներից:



Արցախը հայ ժողովրդի եւ նրա պետականության անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է: Արցախը ապահովում է Հայաստանի անվտանգությունն արեւելքից: Առանց Ղարաբաղի հնարավոր չի լինի պահել նաեւ Զանգեզուրը, իսկ դրանց կորուստը արդեն կնշանակի հայկական պետականության կորուստ: Այս համատեքստում անհրաժեշտ է հասկանալ, որ հայկական պետականության անվտանգությունն, ինչպեսդ Արցախում, այնպես էլ Հայաստանում, անհնար է ապահովել նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններում: ԼՂՀ-ն նման սահմաններում միանգամայն խոցելի է եւ ի վիճակի չէ լիարժեքորեն ապահովել հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգությունը: Մեր ժողովրդի կենսունակությունն ու ինքնաբավությունը եւ նրա պետականությունը ուղղակիորեն կախված է Ղարաբաղից: Ղարաբաղի անվտանգության ցանկացած, նույնիսկ աննշան թվացող թերություն կունենա ձնե գնդի էֆֆեկտ եւ անմիջական ազդեցություն կունենա հայկական պետականության կենսունակության եւ անվտանգության, իսկ հետեւաբար նաեւ հայ ժողովրդի ապագայի վրա»,-ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---