Հայաստանի նախագահ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվ փուլ է թեւակոխել

PanARMENIAN.Net - Տեւական պասիվ ժամանակաշրջանից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, սա պայմանավորված է առնվազն երկու կարեւոր հանգամանքով` ե'ւ Հայաստանում, ե'ւ Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ երկրորդ` տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները մեկ անգամ եւս բոլորին համոզեցին, որ խնդրի կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի Հանրապետության հետ, եւ եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ, օգտակար է ակտիվությունը, օգտակար են հասարակական քննարկումները, եւ խորապես համոզված եմ, որ մենք դեռեւս թեւակոխելու ենք շատ ավելի ակտիվ հասարակական քննարկումների ժամանակաշրջան: Քննարկումները միշտ օգտակար են, բայց դրանց հիմքում միայն ու միայն մեկ շահ պետք է լինի` հայ ժողովրդի շահը: Մենք ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց շատ բան ենք նվիրաբերել, որպեսզի աչք փակենք կամ չնկատելու տանք շահարկումների փաստերը: Մենք նվիրական հարց ենք լուծում: Մենք կարեւոր պատմական խնդիր ենք լուծում, եւ այս պատմական խնդրի լուծման ընթացքում, եթե որեւէ մեկը, փորձում է այլ շահ փնտրել, ապա դա բարոյական չէ»,-հայտարարել է Հայաստանի նախագահը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---