ԱԳՆ. Արցախցիների ապամարդկայնեցումն անվտանգության սպառնալիք է ԼՂ ժողովրդի համար

ԱԳՆ. Արցախցիների ապամարդկայնեցումն անվտանգության սպառնալիք է ԼՂ ժողովրդի համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է «Վալդայ» համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ նշելով, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումը և Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն գոյաբանական սպառնալիք են Արցախի ժողովրդի համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում տեղի ունեցած Վալդայի համաժողովում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ՝ հայտարարելով. «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»:

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողուվուրդներին խաղաղության նախապատրաստում:

Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովորդների համար»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը:

«Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որևէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլև նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը:

ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը:

Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:

Ալիևը Վալդայի համաժողովում անդրադարձել է նաև Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

«ՀՀ վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցիներից և հայերից, որոնք հավասար իրավունքներ ունեն»,-ասել է Ալիևը:

ՌԴ արտաքին գործերի նախարր Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային ակումբի տարեկան ժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությանը: Նա ասել է, որ այդպիսի հայտարարությունները չեն նպաստում երկխոսությանը։ «Կողմերը շատ լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում ասվել է, որ Ղարաբաղը Հայաստան է», ինչպես ժամանակին Ալբանիան հայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիան է։ Նման հայտարարությունները չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար մթնոլորտի ձևավորմանը»,-ասել է Լավրովը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---