ՆԱՏՕ-ն շարունակելու է ինտեգրման քաղաքականությունը սեւծովյան տարածաշրջանի երկրների նկատմամբ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կենտրոնացնում է իր ուշադրությունը սեւծովյան տարածաշրջանի երկրների ինդիվիդուալ հնարավորությունների վրա եւ ցանկանում, որպեսզի տարածաշրջանի երկրները դառնան ավելի ուժեղ, ավելի ժողովրդավարական եւ ի վիճակի լինեն լուծել իրենց խնդիրները պաշտպանության ոլորտում: Եթե տարածաշրջանի երկրները ավելի կազմակերպված դառնան, ապա կկարողանան ավելի լավ իրականացնել իրենց պաշտպանական խնդիրները եւ դրանով իսկ կբարձրացնեն անվտանգության մակարդակը ողջ սեւծովյան տարածաշրջանում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիր» ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի Միջազգային շտաբի Եվրոատլանտյան ինտեգրման եւ գործընկերության տնօրինության ղեկավար Յարոսլավ Սկոնիեչկան: Նրա խոսքերով, Եվրոատլանտյան ալյանսը ոչ միայն համագործակցում է տարածաշրջանի երկրների հետ, այլեւ նրանց ինտեգրում է Ալյանսի մեջ: «Դռները բաց են բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են եւ ի վիճակի են միանալ Ալյանսին: Հենց այդ նպատակով ենք մենք աշխատել Ուկրաինայի եւ Վրաստանի հետ. սկսելով այդ երկրների ղեկավարության հետ ինտենսիվ երկխոսությունից` մենք նրանց պատրաստում ենք ՆԱՏՕ-ի անդամության եւ հետագայում նույնպես շարունակելու ենք այդ գործընթացը»,- նշել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ չի խոսում Վրաստանի եւ Ուկրաինայի` բառացիորեն հենց վաղը Ալյանս մտնելու մասին:



«Մենք դեռեւս խոսում ենք ՆԱՏՕ-ին միանալու համար Կիեւի եւ Թբիլիսիի նախապատրաստման ճանապարհների մասին»,- նկատել է Յարոսլավ Սկոնիեչկան: Նրա խոսքերով, Վրաստանի իրադարձությունները ՆԱՏՕ-ի համար մեծ ցնցում էր, եւ հարց առաջացավ, թե ինչ պետք է անի Ալյանսը այդ ամենից հետո: «Մենք կփորձենք երկրներին ավելի գրավիչ առաջարկներ կատարել: Մենք օժանդակելու ենք Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում բարեփոխումների իրականացումը եւ շարունակելու ենք սեւծովյան տարածաշրջանի երկրների ինտեգրման քաղաքականությունը»,- նկատել է Սկոնիեչկան եւ ավելացրել, որ աշխարհում առկա է սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությունը եւ մասնակցությունը չհասկանալու երեւույթը: «Քանի դեռ սեւծովյան տարածաշրջանի երկրները ցանկանում են իրենց տեղը գրավել Եվրոպայում, ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ունենալու են իրենց դերը այդ տարածաշրջանում»,- հայտնել է Յարոսլավ Սկոնիեչկան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---