Մամեդյարով. Բաքուն ճանաչում է ինքնորոշման իրավունքը, քանի որ ընդունում է միջազգային իրավունքի նորմերը

PanARMENIAN.Net - Երեկ, հոկտեմբերի 31-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: «Առաջին հերթին այսօր մենք հենվում ենք այն փաստաթղթերի վրա, որ ընդունված են ԵԱՀԿ-ում, որտեղ նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը Ադրբեջանն ու Հայաստանն են, իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքներին, ապա նրանք ժամանակին մասնակցել են բանակցային գործընթացին, սակայն այնուհետեւ Հայաստանի ղեկավարությունը որոշեց մասնակցել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի անունից: Այդ որոշումը ժամանակին կայացրել է նախագահ Քոչարյանը»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի իաշխանությունների հայտարարությունն այն մասին, որ եթե Ստեփանակերտը Բաքվի ու Երեւանի հետ հավասար չմասնակցի բանակցություններին, դա կարող է դանդաղեցնել խնդրի լուծման գործընթացը:



Ըստ նախարարի, դեռեւս անհրաժեշտություն չկա փոխելու բանակցությունների ձեւաչափը, «քանի որ մենք բանակցում ենք Հայաստանի հետ»:



Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ առանց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավոր չի լինի խոսել խնդրի հաջող լուծման մասին` Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը ճանաչում է ինքնորոշման սկզբունքը, քանի որ, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ եւ ստորագրելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, ընդունում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, սակայն, մյուս կողմից, ազգերի ինքնորոշման իրավունքը չի նշանակում, թե «տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել ռազմական միջամտության ճանապարհով»: «Եթե դիմենք միջազգային իրավական փաստաթղթերին, ապա տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայող է մյուս սկզբունքների համեմատ»,-ասել է Ադրբեջանի ԱԳ պաշտոնակատարը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---